«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած էլէներգիայի սակագնի վերանայման հայտում բերված տվյալները եւ կից փաստաթղթերը մեկ բանի մասին են վկայում` թանկացումը ոչ միայն հիմնավորված չէ, այլ ավելին՝ ներկայիս սակագները եւս ուռճացված են:
Այսպես, վերջին մեկ տարում` հաշվարկած 2014-ի օգոստոսից մինչեւ այս տարվա հունիսը, ըստ ՀԷՑ-ի ներկայացրած թվերի՝ իրենց էլէներգիայի տեխնիկական եւ առեւտրային կորուստները կազմել են 706 մլն 300 հազար կՎտ: Մաքուր կորուստը, այսինքն՝ առանց ՀԷՑ-ի եկամուտը հաշվարկելու (հաստատված 41,85 դրամ 1 կՎտ/ժ-ից հանած մարժան` 12,46 դրամ կՎտ/ժ, բազմապատկած կորսված էլէներգիայի թվով), կազմել է 20 միլիարդ 758 միլիոն 157 հազար դրամ: Կրկնում ենք՝ սա մաքուր կորուստն է, այսինքն՝ այն գումարը, որը ՀԷՑ-ը ամեն դեպքում պարտավոր է եղել վճարել էլէներգիա արտադրողներին: Ուր են գնացել այդ կորուստները, եւ ով կարող է երաշխավորել, որ դրա մի մասը ուղղակի չի հափշտակվել, անհասկանալի է: Ի վերջո, խոսքը մոտ 50 մլն դոլարի մասին է:
Բայց այս ամենով հանդերձ, առաջիկա մեկ տարվա կտրվածքով ՀԷՑ-ը նախատեսում է, որ տեխնիկական եւ առեւտրային կորուստները կկազմեն 790 մլն 290 հազար կՎտ: Այսինքն՝ էլցանցերը կորուստների թիվը ոչ միայն չի պատրաստվում նվազեցնել, այլ նույնիսկ ավելացնում է: Սա այլ կերպ, քան խայտառակություն՝ հնարավոր չէ որակել: Կարելի է կարծել, որ ՀԷՑ-ի ղեկավարությունը ոչ միայն չափի զգացողությունն է կորցրել, այլ նաեւ Հայաստանի բնակչությանը, ՀՀ իշխանությունների օրինակով, լիարժեք արհամարհում է: Գործող սակագներով ՀԷՑ-ը նախատեսել է, որ առաջիկա տարվա ընթացքում քամուն կտա 23 միլիարդ 226 մլն 623 հազար դրամ, իսկ նոր սակագները եթե հաստատվեն, ապա դա առնվազն 30 միլիարդ կկազմի:
Նման խայտառակ արդյունքների պայմաններում ՀԷՑ-ը ցանկանում է սակագների բարձրացման հաշվին իր աշխատողների միջին աշխատավարձը դարձնել ամսական 240 հազար դրամ: Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն ունի 7 հազար 852 աշխատող: Սակայն ողջ խնդիրն այն է, որ աշխատավարձի ֆոնդը բարձրացնելու արդյունքում հիմնական աշխատակազմի աշխատավարձը, միեւնույն է, էապես չի բարձրանա, փոխարենը ղեկավար կազմի աշխատավարձերը, որոնք առանց այդ էլ աստղաբաշխական թվեր են, է՛լ ավելի կմեծանան: Մասնավորապես, երբեւէ չի հստակեցվում, թե ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի աշխատավարձը որքան է, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ նա ամսական ստանում է մոտ 60 հազար դոլար:
Հաջորդ խնդիրը, որը հնարավոր չէ չնկատել, ավտոմեքենաների եւ անշարժ գույքի վարձակալումն է: Պարզվում է, որ միայն վերջին մեկ տարում ՀԷՑ-ի հասույթը կազմել է 174 միլիարդ 358 միլիոն դրամ: Բայց ավելի քան 400 մլն դոլարի շրջանառություն ունեցող ընկերությունը, չգիտես ինչու, մի քանի հարյուր հատ ավտոմեքենա է վարձակալում, իսկ դրա դիմաց վճարվող գումարները ներառում սակագնի մեջ: Մասնավորապես, ըստ ներկայացված փաստաթղթերի, պարզ է դառնում, որ ՀԷՑ-ը 786 հատ պայմանագիր է կնքել տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ: Դրանց մեծ մասը կազմում են մարդատար ավտոմեքենաները: Ասենք, մի պայմանագրով, որը կնքվել է «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի հետ, ՀԷՑ-ը վարձակալել է 1 հատ «Լեքսուս»՝ ամսական 796 հազ. վարձավճարով, 10 հատ «Միտսուբիշի պոժերո», միավորի ամսական վարձավճարը՝ 397 հազ դրամ, 1 հատ «Տոյոտա Պրադո»` ամսական 456 հազ. դրամ վարձավճարով, 4 հատ «Տոյոտա Քեմի», որոնց միավորի վարձավճարը 330 հազ դրամ է, եւ այսպես շարունակ: Միայն այս մեկ պայմանագրով վարձակալվել է 21 հատ տարբեր մակնիշի ավտոմեքենա, որոնց ամսական ընդհանուր վարձավճարը կազմում է 7 մլն 197 հազար դրամ: Պայմանագիրը կնքվել է 3 տարով, եւ դրա արժեքը կազմում է 259 մլն 119 հազար դրամ: Իսկ թե ում է նման մեծ լավություն արել ՀԷՑ-ը, դա պատկան մարմինների պարզելու հարցն է:
Իհարկե, վարձակալված են նաեւ բեռնատարներ եւ հատուկ ավտոմեքենաներ: Բայց ամեն դպքում, անհասկանալի է, թե ինչու այդ հարուստ ընկերությունը տարիներ շարունակ չի գնել իրեն անհրաժեշտ ավտոմեքենաները, այլ գերադասում է ամեն ամիս «Լեքսուս» վարձակալել: Ում համար են դրանք վարձակալվել: Կասկածից վեր է, որ եթե լուրջ ուսումնասիրություններ կատարվեն, ապա կպարզվի, որ այդ մարդատար ավտոմեքենաները նույն ՀԷՑ-ի աշխատողներինն են կամ նրանց հարազատների անուններով են գրանցված, սակայն վարձակալությամբ վերցնում են եւ տրվում նույն մարդկանց՝ օգտագործելու համար: Այս ճանապարհով ՀԷՑ-ը դուրս է գրում ամսական 103 մլն 246 հազար դրամ:
Իսկ ինչ վերաբերում է անշարժ գույքին, պարզվում է՝ ՀԷՑ-ը վարձակալում է 3 հազ 357 անշարժ գույք, այդ թվում՝ նաեւ հողամասեր: Դրանց մոտ կեսը տարբեր համայնքների սեփականություն հանդիսացող տարածքներ եւ հողամասեր են, սակայն մնացածը անհատներին պատկանող ինչ-որ տարածքներ են: Նախ հարց է ծագում՝ ՀԷՑ-ի ինչի՞ն է պետք այդքան տարածք, կամ եթե պետք է, ինչու դրանք չեն գնում: Այս դեպքում էլ է ակնհայտ, որ կրկին գործ ունենք փողերի լվացման մի մեծ համակարգի հետ: Նկատենք, որ անշարժ գույքի վարձակալության համար ՀԷՑ-ը ամսական ծախսում է 381 միլիոն 73 հազար դրամ:
Ովքեր են այդ մասնավոր տարածքների տերերը: Կասկածից վեր է, որ այս դեպքում էլ ոչ միայն ՀԷՑ-ի ղեկավար կազմն է գործի մեջ, այլ նաեւ՝ Հայաստանի տարբեր մարզերի իշխանավորները, որոնց էլ հիմնականում պատկանում են վարձակալված տարածքները: Ստացվում է, որ Հայաստանի իշխանական համակարգը՝ մեծ ու փոքր պաշտոնյաներով հանդերձ, ՀԷՑ-ից իրենց «փայն» ունեն, դրա համար էլ էլէներգիայի թանկացումը երբեք նրանց չի մտահոգում: Նրանք ամեն դեպքում շահած են, միակ տուժողը շարքային քաղաքացին է, որին շարունակ քերթում են:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ