ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՐԲԵՔ ԳՈՀ ՉԻ ԼԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր ՀՀ Կառավարությունը արտակարգ ռեժիմով է աշխատում ու ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին արձագանքում է շատ օպերատիվ:

-Պարո՛ն Սահակյան, տարբեր մակարդակներով ասվում է, որ առաջիկայում իշխանությունները լայն թափով սկսելու են տարբեր ձեւաչափերով սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները: Խնդրում եմ նշեք, թե այժմ կոնկրետ ի՞նչ քայլեր են կատարվում այդ ուղղությամբ, եւ ի՞նչպիսի «ճանապարհային քարտեզով» եք առաջ շարժվելու:
-Կոնկրետ ծրագիրը սահմանված է դեռեւս նախագահի այն հրամանագրի մեջ, որով ձեւավորվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Հետեւաբար հստակ ժամանակացույցը սահմանված է, իսկ այսօրվա իրավիճակը հետեւյալն է՝ մենք արդեն ունենք հավանության արժանացած հայեցակարգ, հիմա այդ հայեցակարգի հիման վրա նախագիծը մասնագիտական խմբի կողմից պետք է մշակվի, որպեսզի հետագայում սահմանադրական բարեփոխումները նախաձեռնող երկրի նախագահ Սերժ Սարգսյանը որոշի ուղարկել Ազգային ժողով: Այնուհետեւ համապատասխան ընթացակարգով կնշանակվի հանրաքվեի օրը, որպեսզի Ազգային ժողովի քննարկումներից հետո Սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի: Այս պահի դրությամբ մասնագիտական հանձնաժողովը աշխատում է բուն նախագծի վրա:
-Ինչպես հայտնի է՝ Վենետիկի հանձնաժողովն իր տված դրական եզրակացության մեջ որպես նախապայման նշել է քաղաքական լայն կոնսոլիդացիայի առկայությունը: Մինչեւ այս պահը, սակայն, այդ կոնսոլիդացիան տեսանելի չէ: Բարեփոխումների հարցում համագործակցությունը, կարծես թե, միայն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամների հետ է, իսկ մյուսների հետ այն առայժմ չի ստացվում: Ինչպե՞ս են իշխանություններն այդ հարցը լուծելու:
-Կարծում եմ՝ այդքան էլ այդպես չէ: Այս ընթացքում բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց դիրքորոշումը ներկայացրել են, քննարկումներին մասնակցել են: Կարծում եմ, որ այդ ամենի մասին շատ վաղ է խոսել, քանի որ մասնագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքներից հետո ամեն ինչ պարզ ու հստակ կլինի: Եթե այժմ մենք ինչ-որ հայտարարություններով հանդես գանք այդ հարցի հետ կապված, սխալ կլինի: Դուք տեսել եք, որ նախագահը հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, զրուցել են այդ հարցի շուրջ: Ու այժմ ինչ-որ բաներ ասել, երբ գործընթացը դեռեւս շարունակվում է, հավատացեք՝ սխալ է:
-Նշվում է, որ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների իրականացմանը զուգահեռ նաեւ կադրային փոփոխություններ են իրականացնելու, եւ առաջիկայում տարբեր պաշտոնանկություններ ու նշանակումներ կլինեն:
-Ես նմանատիպ որեւէ տեղեկություն չունեմ, ես՝ որպես օրենսդիր, իմ իրավասության շրջանակներում կատարում եմ իմ աշխատանքները, իմ առջեւ դրված պարտականությունները: Պետաիրավական բարեփոխումների ծրագիրը, որը հաստատված է նախագահի կողմից, փորձում ենք կյանքի կոչել, եւ այդ ուղղությամբ բավական անելիքներ կան: Փորձում ենք Կառավարության մեր գործընկերներին այդ հարցում օգնել, որպեսզի ավելին իրականացնենք, ժամանակացույցից հետ չընկնենք. սրանք են իմ գործառույթները, որոնցով ես զբաղված եմ: Իսկ թե ով կփոխվի, կամ ում կփոխեն, ես դրա մասին որեւէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել, դա իմ իրավասությունների եւ լիազորությունների մեջ չի մտնում:
-Որպես օրենսդիր մամնի ներկայացուցիչ՝ գո՞հ եք այսօրվա Կառավարության գործունեությունից, արդյո՞ք գործադիրը կարողանում է իր առջեւ դրված խնդիրները լուծել:
-Հարցը շատ ավելի ընդհանրական է, ես՝ որպես մի փոքր ամբիցիոզ մարդ, երբեք գոհ չեմ լինում, եթե հաշվի առնենք այն իրավիճակը, որն այսօր կա, նաեւ` աշխարհաքաղաքական առումով՝ մեր տարածաշրջանում, մեր երկրի շուրջ, ՌԴ-ում, Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, չեմ կարող ասել, որ ամեն ինչ գոհացնում է: Դրա համար կան ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Մենք պետք է հասկանանք, որ այդ տնտեսական ճգնաժամը կա այսօր ե՛ւ ՌԴ-ում, ե՛ւ Եվրոպայում, եւ պետք է նկատի առնենք, թե այն որքանով է պրոյեկտվում մեր երկրի վրա, ու ինչ պետք է արվի, որպեսզի դրան լուծումներ տրվի:
-Այնուամենայնիվ, շատերի համոզմամբ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այդպես էլ չհաջողվեց խոստացած տնտեսական աճն ապահովել ու ընդհանրապես այնպես անել, որպեսզի նրա վարչապետության ընթացքում մարդկանց կյանքում դրական փոփոխություն նկատվի: Շատերի համոզմամբ` Հ. Աբրահամյանը եւս «թույլ» վարչապետ է: Ի՞նչ կասեք:
-Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ Կառավարությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, այսինքն՝ փորձում է արագ արձագանքել բոլոր այն երեւույթներին, խնդիրներին, որոնք պետք է արագ լուծում ստանան: Ու Հովիկ Աբրահամյանն էլ՝ որպես օպերատիվ աշխատանքի կողմանկից, փորձում է մեղմել այդ ամենի հետեւանքները: Մենք այժմ պետք է ավելի խորը տնտեսական վերլուծություն անենք՝ հասկանալու համար, թե ինչի հետեւանք է այս ամենը: Իսկ Ձեր նշած տեսակետը հնչեցնողներն առավելապես քաղաքական շարժառիթներով են առաջնորդվում:
-Հիմնական դժգոհությունը Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից է, եւ քաղաքական ուժերի մոտ համոզմունք կա, որ ներկայիս տնտեսական խնդիրների մեծ մասի պատճառը հենց Կառավարության տնտեսական պորտֆելները տնօրինող նախարարներն են:
-Օրինակ` պարոն Ճշմարիտյանի հետ՝ որպես պրոֆեսիոնալ մարդ, ես Ազգային ժողովում եմ շփվել, բավականին գիտակ, կոմպետենտ, խելացի անձնավորություն է: Ես չեմ կարող որեւէ գնահատական տալ ինչ-որ մարդկանց կատարած աշխատանքին, միգուցե իմ գնահատականները նաեւ սուբյեկտիվ լինեն:

 

 

 

 

ԵՐԵՔ ՕՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Շուրջ երեք օր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու այլ պաշտոնատար անձինք Արցախում էին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այդ օրերի ընթացքում նրանք հասցրել են ճաշել միմյանց հետ ու տարբեր թեմաների շուրջ զրուցել: Սակայն պաշտոնապես չի հաստատվում, որ Հ. Աբրահամյանն ու Ռ. Քոչարյանն այդ օրերին առանձնազրույց են ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք հատկապես երեկոյան ժամերին եղել են Արցախի «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին (Գազի Կարեն):

Հիշեցնենք, որ ԼՂՀ մեկնած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Վերը նշված պաշտոնյաները մշտապես միմյանց հետ են եղել տոնական միջոցառումների ժամանակ: Նրանց ուղեկցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը: Գրեթե բոլոր միջոցառումներին ներկա են գտնվել նաեւ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ այլ նախարարներ, պատգամավորներ:
Նախքան Արցախ մեկնելը տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 9-ին լինելու է ՀՀ-ում, որպեսզի այստեղ մասնակցի տոնական միջոցառումներին, հատկապես, որ երկրում չէր Սերժ Սարգսյանը: Սակայն ՀՀ վարչապետն այդպես էլ հայաստանյան միջոցառումներին չմասնակցեց: Հայաստանում տոնական միջոցառումների գլխավոր «հերոսը» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարչապետի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ է վերադարձել մայիսի 9-ի երեկոյան միայն:
Նշվում է նաեւ, որ այդ ժամանակահատվածում Հ. Աբրահամյանը հանդիպում ու առանձնազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Սակայն երեկ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը: Նկատենք, սակայն, որ արցախցիները Հայաստանից ժամանած պաշտոնյաներից շատերին ու հատկապես Ռոբերտ Քոչարյանին ու Արկադի Ղուկասյանին տեսել են Արցախի փողոցներում զբոսնելիս:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՆԱԽԿԻՆԸ
Մայիսի 8-ին ԼՂՀ-ում Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին, ի թիվս այլոց, մասնակցում էր նաեւ Արկադի Ղուկասյանը: Այս փաստն ուշագրավ է, քանի որ դեռեւս մայիսի 3-ին Արցախում տեղի ունեցած Աժ ընտրությունների ժամանակ արցախցիներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցներում բողոքում էին, թե իբր ԼՂՀ երրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն իրենց համար ցանկալի անձ չէ: Ըստ նրանց՝ Ղուկասյանը վաղուց Արցախում չի ապրում եւ առիթից առիթ է միայն իր մասին հիշեցնել տալիս, այն էլ մասսայական միջոցառումների ժամանակ: ԼՂՀ նախկին նախագահի գրասենյակի պատասխանատու Էդուարդ Աթանեսյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Ղուկասյանը մշտապես Հայաստանում ու Արցախում է, եթե որոշ մարդիկ նրան անձամբ չեն տեսնում, դա դեռեւս չի նշանակում, որ նա այստեղ չէ: Դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են»,- ասաց Աթանեսյանը:

 

ՆՎԵՐՆԵՐՈՎ
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, պարզվում է, բավականին պատկառելի ունեցվածքի տեր պաշտոնյա է: Նրա դրամական միջոցները, ըստ 2014 թվականին ներկայացրած հայտարարագրի, կազմել են 10 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Մինչդեռ մարզպետի տարեկան աշխատավարձը 3 մլն 303 հազար դրամ է: Իսկ մարզպետի կինը` Նաիրա Ներսիսյանը, անցած տարվա վերջի դրությամբ ունի 15 մլն դրամ, 21 հազար դոլար եւ 16 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտն էլ 25 հազար դոլար է: Թե ինչով է զբաղվում մարզպետի կինը, պարզ չէ, բայց որ եկամտաբեր զբաղմունք ունի, փաստ է:
Ուշագրավ է նաեւ մարզպետ Աբրահամյանի որդիների հարստության ծագումը: Պարզվում է՝ Էմին Աբրահամյանին ինչ-որ մեկը հենց այնպես վերցրել ու 10 մլն դրամ է նվիրել: Նույն սկզբունքով էլ մարզպետի մյուս որդին է ունեցվածք դիզել: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Ռուբիկ Աբրահամյանի մյուս որդին` Գոռ Աբրահամյանը, 4 մլն դրամ եւ 11 հազար դոլար է նվեր ստացել: Այնպիսի տպավորություն է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքն անցած տարի ապրել է միմիայն նվիրատվությունների հաշվին, իսկ թե ում կողմից, Աբրահամյանները չեն գաղտնազերծել:
Ի դեպ, Ռուբիկ Աբրահամյանը մարզպետ է նշանակվել անցած տարվա մայիսի 8-ին: Ինչպես հայտնի է՝ նա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է:

 

ԷՊՈՍԱԳԵՏԻ ԹՈՒԹԱԿՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 հատ թութակ է պահում: Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ թութակները ՔԿՀ-ում եղել են մինչ իր ամուսնու այնտեղ տեղափոխվելը: «Ամուսինս ինքնաբուխ չի որոշել թութակ բերել տալ եւ պահել: Դրանք ՔԿՀ-ում եղել են ու որպեսզի ցրտից չսատկեն, նա տարել է իր խուց եւ պահում է»,- ասաց Ռուզաննա Սեդրակյանը:




Լրահոս