Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, խոսելով մայիսի 2-ին Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, ասել է, որ չպետք է ձևական բերման ենթարկելու որոշումներ կայացնել կամ բերման ենթարկելով` մարդուն ինչ-որ բան համոզել:
Նշենք, որ Քննչական կոմիտեի նախագահը, շարունակելով թեմայի հետ կապված իր մեկնաբանությունները, հայտնեց, որ գործում կան ծեծկռտուքի վերաբերյալ նախնական շարժառիթի մասին տվյալներ, որոնք ստուգվում են. «Ասեմ, որ այդ շարժառիթներն էական չեն։ Կենցաղային»։
Հիշեցնենք նաև, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Armlur.am-ի հարցին, հնարավո՞ր է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ևս լինեն պաշտոնանկություններ այնպես, ինչպես եղավ ոստիկանական համակարգի դեպքում, Աղվան Հովսեփյանը պատասխանել է, որ տեղյակ չէ` ինչու է աշխատանքից հեռացվել Գորիսի ոստիկանապետ Արա Դավթյանը, սակայն Քննչական կոմիտեում պաշտոնանկությունների մասին այս պահին խոսակցություններ չկան. «Եթե պարզվի, որ քննիչն իր աշխատանքը բարեխիղճ չի կատարել, կհեռացվի աշխատանքից կամ կհարուցվի կարգապահական վարույթ, իսկ եթե լավ կատարած լինի իր աշխատանքը, կխրախուսվի»: