Ձևական բերման ենթարկելու որոշում չպետք է կայացվի. Աղվան Հովսեփյանը` Սուրիկ Խաչատրյանի որդու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական մի քանի նախաքննություն իրականացնող մարմիններ չեն կարող նույն գործով զբաղվել: Խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի մասին, լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:

Վերջինիս խոսքով, եթե հայտարարությունը տվել է ոստիկանությունը, քննությանն առնչվող հարցեր ՔԿ-ին չպետք է ուղղել. «Ո՞վ ասաց, որ քննիչը պետք է բերման ենթարկելով համոզի: Ձևական բերման ենթարկելով` որոշում չպետք է կայացվի, իսկ նման դեպքեր հաճախ են լինում: Իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին բերման չի ենթարկվել: Նա այս պահին գտնվում է քննիչի մոտ և հարցաքննվում է», – նշեց նա:

Աղվան Հովսեփյանի խոսքով, Սյունիքում գործն օբյեկտիվ չէր քննվելու, ուստի ինքը որոշում է կայացրել քննությունը հանձնարարել ՀԿԳ վարչությանը և տեղափոխել Երևան:

Armlur.am-ի հարցին` վերջերս ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ է արվել Գորիսի ոստիկանապետ Արա Դավթյանը, հնարավոր է Քննչական կոմիտեում էլ պաշտոնանկություն լինի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ լուրեր են շրջանառվում, թե ոստիկանապետն ազատվել է պաշտոնից սույն գործի շրջանակներում, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Չգիտեմ` ինչու են հեռացրել ոստիկանապետին, սակայն Քննչական կոմիտեում նման խոսակցություններ չկան: Սակայն եթե պարզվի, որ որևէ քննիչ իր գործը լավ չանի, կհեռացվի: Իսկ եթե լավ աշխատի, կխրախուսվի»:

Հիշեցնենք, որ այսօր Տիգրան Խաչատրյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Գորիսի բաժին:




Լրահոս