Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: ԼՂՀ պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Մայիսի 18-ին Նախագահ Սահակյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության հարավ-արեւելյան մասում գտնվող Դրոմի շրջան եւ շրջկենտրոն Վալանսում հանդիպել շրջանային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ:

Քննարկվել է Դրոմի շրջանի ու Արցախի միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի եւ Արցախի, Վալանս եւ Ստեփանակերտ քաղաքների միջեւ:

Արցախի Հանրապետության Նախագահին շնորհվել է Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում եւ հանձնվել համապատասխան վկայագիր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Դրոմի շրջանի եւ նրա շրջկենտրոնի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ շոշափելի ազդեցություն կունենա դրանց ամրապնդման վրա: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը:




Լրահոս