ՔՆՆԻՉԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի միջգերատեսչական տարաձայնություններին, սակայն, ինչպես նկատում ենք, բանը հասել է այնտեղ, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչը դատախազի կայացրած որոշման համար դիմել է դատարան:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ մարտի 20-ին Շիրակի մարզի Ողջի համայնքում ոչխարի գողության դեպք էր արձանագրվել: Ինչ-որ մարդիկ մտել էին գյուղի բնակիչներից Սարգիս Ավագյանի անասնագոմ եւ շուրջ 490.000 հազար դրամի արժողությամբ 6 գլուխ ոչխար գողացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով եւ զգալի չափերով գաղտնի հափշտակությունը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ու մինչ քննիչը կհասցներ անցնել իր գործողություններին` հասկանալով, թե ով կամ ովքեր են փորձել վատություն անել Սարգիս Ավագյանին` գողանալով նրա ոչխարները, զարմանալի շրջադարձ է տեղի ունեցել: Պարզվում է, որ մարտի 27-ին հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանը որոշում է կայացրել քրեական գործը քննող քննիչին հեռացնել վարույթից: Իսկ թե ինչու, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Եւ, ահա, քննիչն էլ այլ ելք չունենալով՝ դիմում է գրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ փորձել դատարանի միջոցով արդարության հասնել: Այս դեպքը աննախադեպ է այնքանով, որ առաջին անգամ է քննիչը իրեն վերահսկող դատախազի որոշումը անհիմն համարում ու առավել եւս փորձում դատարանով արդարության հասնել:
Եվ այսպես, մեզ հաջողվեց պարզել, որ ըստ քննիչի` իրեն վարույթից հեռացնելով՝ խախտվել են իր սահմանադրական իրավունքները` անմեղության կանխավարկած եւ արդյունավետ պաշտպանության իրավունք: «Ես զրկված եմ եղել ինձ մեղսագրվող առերեւույթ դատավարական իրավախախտումներում իմ մեղավորությունը վիճարկելու եւ դրանց վերաբերյալ բացատրություններ տալու եղանակով պաշտպանվելու իրավունքից: Զրկվել եմ ինձ մեղսագրվող առերեւույթ խախտումները վիճարկելու եւ պաշտպանվելու նպատակով դրանց շուրջ բացատրություններ ներկայացնելուց: Ավելին՝ անմեղության կանխավարկածը խախտվել է նաեւ այն տեսանկյունից, որ ինձ վերագրվել է առերեւույթ դատավարական խախտում այնպիսի քննչական գործողության համար, որը կատարել է քննչական խմբի այլ քննիչ»,- գրել է քննիչը:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու համար նախ դիմեց ՀՀ քննչական կոմիտե: Մեզ հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց. «Կոնկրետ քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից քննիչը հեռացվել է վարույթից, ինչի մասին նա իմացել է որոշման կայացումից հետո: Քննիչը համամիտ չէ դատախազի գնահատականների եւ իրավական մեկնաբանությունների հետ ու կարծում է, որ այդպիսով խախտվել են իր սահմանադրական իրավունքները, անմեղության կանխավարկածը, կասկածի տակ դրվել մասնագիտական արժանապատվությունն ու միաժամանակ զրկվել արդյունավետ պաշտպանության իրավունքից: Քննիչը, օգտվելով իր իրավունքներից, բողոք է ներկայացրել դատարան: Արտառոց ոչինչ չկա, դատարանի իրավական վերլուծությունը, կարծում եմ, կնպաստի իրավակարգավորումների հստակեցմանը»:
Զրուցեցինք նաեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ, ով, բնականաբար, փորձեց արդարացնել քննիչի համար անցանկալի որոշում կայացրած դատախազին: Նա նախ հայտնեց, որ բողոքի հեղինակ քննիչի կողմից մեկ այլ քրեական գործով թույլ տրված ենթադրյալ կեղծիքների կապակցությամբ մարզի դատախազությունը դեռեւս սույն թվականի մարտ ամսին զեկուցագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, եւ ներկայումս իրականացվում է նախաքննություն: Ասել է թե` դատախազը կարող էր կասկածներ ունենալ այդ քննիչի մասով:
«Քննիչը դատախազի կողմից իրեն քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին որոշում կայացնելն ընկալել է որպես իր, այսպես կոչված, մասնագիտական արժանապատվության իրավունքի խախտում եւ իր կողմից քննված քրեական գործի շրջանակներում փորձելով հանդես գալ որպես քաղաքացի` քրեադատավարական պաշտպանության միջոցների կիրառման մեխանիզմներ նախատեսող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով ամրագրված դրույթի վկայակոչմամբ դիմել է դատարան, ինչն ընդհանրապես քննիչ-դատախազ փոխհարաբերությունների նկատմամբ չի կարող կիրառելի համարվել»,- հայտնեց Րաֆֆի Ասլանյանը:
Ըստ նրա՝ դատախազի կողմից քննիչին որեւէ հանցագործություն կամ այլ իրավախախտում չի մեղսագրվել, այլ արձանագրվել է նրա կողմից թույլ տրված կոպիտ դատավարական խախտումը. «Քննիչն իր արարքը հիմնավորել է այն հանգամանքով, որ դատախազի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քննիչի կողմից բողոքարկման ենթակա չէ, եթե նույնիսկ քննիչը դրա հետ համաձայն չէ: Մինչդեռ քննիչի կողմից նշվածն առարկայական հիմնավորում չի կարող ունենալ եւ նման տրամաբանության պայմաններում նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում կայացվող ցանկացած որոշման կարելի է վերագրել արժանապատվությունը նվաստացնող բնույթ, իսկ քննիչին` դրա զոհ հանդիսացող քաղաքացու կարգավիճակ»:
Շիրակի դատախազի խոսքով` դատախազի կողմից կայացվել է օրինական եւ հիմնավորված որոշում. «Ուստի նշվածի համատեքստում ակնհայտ է, որ որպես քաղաքացի հանդես եկող քննիչի կողմից դատախազի որոշման դեմ բողոք ներկայացնելը հետապնդում է քրեադատավարական օրենսդրությամբ բողոքարկման ոչ ենթակա դատախազական ակտերի դատական բողոքարկման նախադեպային պրակտիկա ձեւավորելու ոչ իրավաչափ նպատակ, այլ ոչ թե ուղղված է սեփական իրավունքների պաշտպանությանը, քանի որ վիճարկվող որոշումը կայացվել է բացառապես նախաքննության շահերից ելնելով»:
Թե ինչ հանգուցալուծում կստանա այս վեճը, ավելին` իրավական համակարգի գիգանտներից որի կողքին կկանգնի դատարանը եւ ում օգտին վճիռ կկայացնի, դժվար է ասել: Բայց որ նման գործընթաց է սկսվել, արդեն հետաքրքիր է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԱՌԱՆՑ ԿԱՐՈՅԻ
ԱԺ նախկին պատգամավոր, վերջերս ձերբակալված եւ ազատ արձակված 73-ամյա Գոհարիկ Ենոքյանը երեկ բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ միաժամանակ հայտարարելով, որ ԱԱԾ-ն իր բաց նամակը ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին:
Նամակում Գոհարիկ Ենոքյանը հայտնել է, որ Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստությանը մասնակցություն ունենալու կասկածանքով իր ձերբակալությունը հորինված պատմություն է, որի նպատակը «Գարուն» կարի ֆաբրիկան հափշտակելն է. «2011թ. նոյեմբերի 21-ին մի առիթով Արայիկ Ենոքյանը եւ նրա խնամին` Խաժակ Բադալյանը, եկան իմ աշխատասենյակ, որի ժամանակ պարզվեց, որ միմյանց հետ նրանք ունեն ֆինանսական խնդիրներ, եւ Խաժակն ասաց, որ երկու տարվա ընթացքում ութ միլիոն երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար է տվել Արայիկին` փոխանակման կետում շրջանառության մեջ դնելու եւ շահույթ ստանալու համար: Ես նրանց ասեցի, որ դուք ձեր խնդիրներն ինչպես ուզում եք, լուծեք»: Նկատենք, որ Արայիկը Գոհարիկ Ենոքյանի հարազատ եղբորորդին է, ինչը Ենոքյանն իր նամակում չի հիշատակել:
Այնուամենայնիվ, նամակագիրը շարունակել է` հայտնելով. «Ավելի ուշ իմանալով, որ ես մոտ մի տարի է, ինչ ցանկանում եմ վաճառել իմ կարի ֆաբրիկան, Խաժակը եւ Արայիկն ինձ առաջարկեցին իրենք զբաղվեն եւ Խաժակի ծանոթ բանկով այն վաճառեն ու իմ պահանջած գումարից ավելի ստացված գումարով լուծեին իրենց խնդիրները: 2012թ. հունվարի վերջին Խաժակը եկավ ինձ մոտ եւ ասեց, որ իր ծանոթ բանկը համաձայն է հիպոթեքային վարկավորմամբ գումար տալ եւ բանկի միջոցով իրականացնել ֆաբրիկայի վաճառքը, սակայն բանկից պահանջում են, որ ֆաբրիկան դարձնեմ իր անունով, նոր միայն իրականացնեն այդ գործարքը»
Ըստ Գոհարիկ Ենոքյանի՝ ինքը այս գործարքին չի համաձայնել, որից հետո էլ տեղեկացել է, որ Խաժակի բողոքի հիման վրա Արայիկ Ենոքյանին կալանավորել են, իսկ ավելի ուշ համաներմանբ ազատ արձակել. «Եվ, ահա, 2014թ. հունիսի 10-ին տեղեկացա, որ Արայիկին կրկին ձերբակալել են արդեն Կարո Կարապետյանի բողոքով, իբր թե 2012թ. իր ընկեր Խաժակը Կ. Կարապետյանին պատմել է, թե ես եւ Արայիկն իրեն առաջարկել ենք, որ ինքը տասը օրով մեկնի Հայաստանից, Արայիկը նրան կվերացնի: Այսինքն՝ ավելի անհեթեթ սուտ եւ անտրամաբանական սցենար դժվար էր հորինել: Ես հանցագործության մասին հրապարակային հաղորդում եմ տալիս ԱԱԾ-ին, մասնավորապես՝ ինձ ապօրինի ձերբակալելու եւ ապօրինի մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, ինչպես նաեւ՝ իմ դեմ սուտ մատնություն կատարելու համար, եւ խնդրում եմ ՀՀ ԱԱԾ-ին քրեական գործ հարուցի եւ առանձին վարույթով քննի ու պարզի, թե ինչ հիմքով, ում քմահաճույքով ու պատվերով են իրականացվել նման ապօրինությունները: Իսկ ինչ վերաբերում է Կարո Կարապետյանի կողմից իմ հասցեին վարկաբեկիչ նյութերին, ապա ես ապշած եմ դրանից, քանի որ մենք միասին 5 տարի աշխատել ենք Ազգային ժողովում եւ որեւէ անգամ, որեւէ խնդիր չենք ունեցել իրար հետ»:

 

 

 
ԽՆԴԻՐ ՉԿԱ՞
Գորիսի նորանշանակ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, պատասխանելով armlur.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիր կարող էր լինել, որ նախկին ոստիկանապետին աշխատանքից հեռացրեցին, ասել է. «Ոչ մի խնդիր չկա»: Ազիզյանը նշել է, որ այլ հարցերի այս պահին չի պատասխանի, քանի որ նոր է նշանակվել այդ պաշտոնում. «Մի քանի օրից զանգեք, ես նոր եմ այս պաշտոնում նշանակվել»: armlur.am-ը փորձել է կապ հաստատել նաեւ Գորիսի նախկին ոստիկանապետ Արա Դավթյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարը ողջ օրն անջատված է եղել:

 

ԴԱՐՁՅԱԼ ՈՒԺ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի խաղաղ հավաքների դիտորդական խումբը հաղորդագրություն է տարածել երեկ նախագահականի առջեւ տեղի ունեցած միջադեպի մասին. «Հենց սկզբից, երբ մայրերը մոտեցան ճաղավանդակներին, ոստիկանները, մոտ 10 հոգի, նրանց ետ հրեցին եւ հետագա 15 րոպեների ընթացքում պարբերաբար ուժ կիրառելով եւ գոռգոռալով՝ ստիպում էին հավաքի մասնակիցներին անցնել հանդիպակաց մայթ: Ոստիկանները շարունակում էին հրել ցուցարարներին դեպի փողոցի երթեւեկելի հատված, մայրերը չէին ցանկանում շարժվել: Այս ընդհարումը շարունակվեց որոշակի ժամանակ, մինչեւ ոստիկաններին հաջողվեց ստիպել ցուցարարներին լքել մայթը: Մայրերից վերջինը, ով մնացել էր մայթի վրա, ոստիկանների կողմից կոպտորեն, ուժի կիրառմամբ տեղափոխվեց դիմացի մայթ»,- նշված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներին քաշքշելու դեպքի հետ կապված ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն:




Լրահոս