Անցել է մեկ տարի, ինչ ապրում ենք առանց Ստեփանի, բայց նրա ներկայությամբ. մենք միշտ խոսում ենք նրա հետ, անկեղծանում, պատմում մեր խնդիրների և մտքերի մասին: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած հուշ-երեկոյի մեկնարկին` նվիրված ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի տարեդարձին, ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Նրա հոգին այսօր այս դահլիճում կլինի: Հավաքվել են մարդիկ, ովքեր տարբեր առիթներով հանդիպումներ են ունեցել Ստեփան Գիշյանի հետ: Մարդ, ով առանձնացել է իր խորհուրդներով, կամքով, ցանկությամբ` փոխել իրեն հարազատ մարդկանց կյանքը: Այս մեկ տարվա ընթացքում մենք մշտապես կիսվել ենք նրա հետ, խոսել ենք հետը: Ստեփան Գիշյանը դարձել է այն ուղենշային անձնավորությունը, ով նոր ստանդարտներ և արժեքներ է բերել Հայաստանի բանկային համակարգ: Այն, որ բանկային համակարգում այսօր ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր ուրույն տեղն ունի, առաջին հերթին Ստեփանի նոր մոտեցումների արդյունքն է: Նա 19 տարի առաջ շատ պատահաբար, բայցև օրինաչափ հայտնվեց մի այնպիսի ծրագրի կենտրոնում, որի հեռանկարի վրա շատերը կասկածում էին»:
Հակոբ Անդրեասյանի փոխանցմամբ, ստեղծվել է նոր` «Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամը», որը հայ-ֆրանսիական բարեկամության նոր արտահայտությունն է, և այդ հիմնադրամի ֆինանսական և կազմակերպչական գործընթացին ֆրանսիական «Կրեդիդ-Ագրիկոլ» բանկը մեծ մասնակցություն է ունեցել. «Ստեփանը ֆրանսիական բանկը միշտ համարել է առաջատար, և վստահ է եղել, որ այն կարող է հայկական ֆինանսական համակարգ նոր արժեքներ բերել: Նշված ֆոնդն ունի բարեգործական նպատակ: Այն նպատակ ունի ամրապնդել հայ-ֆրանսիական կապերն ու խորացնել երկու երկրների միջև առկա բարեկամությունը: Շնորհակալություն եմ հայտնում ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկին, որը հիմնադրամի ստեղծման գաղափարի առաջացման պահից մինչև իրականացումն աջակցել է մեզ: Հիմնադրամը երկար ճանապարհ ունի անցնելու: Այստեղ ամեն տարի հոգաբարձուների խորհուրդը կքննարկի այդ տարվա համար պլանավորած գործարքները»:
ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրենը հայտնեց, որ հիմնադրամի շահառուներն են լինելու այն երիտասարդները, սոցիալապես ակտիվ այն քաղաքացիները, ովքեր կերտելու են հայ-ֆրանսիական բարեկամության նոր ապագան՝ ստեղծելով նոր արժեքներ:
Ի դեպ, հուշ-երեկոյին հավաքվել էին ինչպես Ստեփան Գիշյանի հարազատներն ու ընկերները, այնպես էլ ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ բանկի հայաստանյան մասնաճյուղերի աշխատակիցներ: Վաղամեռիկ Ս. Գիշյանի ընկերները կիսվում էին թե’ բանկային ոլորտում ձեռք բերած հաջողություններով, թե’ իրենց երջանկահիշատակ ընկերոջ հետ կապված հուշերով և հետաքրքիր պատմություններով: