Բազմակողմանի սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության ներսում լայն կոնսենսուսի հիման վրա. Հ. Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում այսօր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր բացման խոսքում կարևորեց Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները՝ նշելով, որ  այն նպատակաուղղված է օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու  ազատությունների համար սահմանադրական երաշխիքների հետագա ուժեղացմանը, լիազորությունների պատշաճ հավասարակշռությանը և հանրային կառավարման  արդյունավետության ընդլայնմանը:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝                                                                    

«Հարգելի գործընկերներ,

մեծարգո հյուրեր,

ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստան –ԵԽ հարաբերությունների առանցքն են կազմում:

Հայաստանն իր անդամակցության օրվանից նախաձեռնել է անհրաժեշտ  քայլեր ՝իրականացնելու ԵԽ  անդամակցությամբ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները: Հայաստանը վավերացրել է անդամակցությամբ ստանձնած բոլոր կոնվենցիաները, ինչպես նաև, ընդունել կամ ընթացք տվել ներքին օրենսդրությանն առնչվող մի շարք օրինագծերի:

Այսօր Հայաստան-ԵԽ համագործակցությունը ներառում է պարտավորությունների մի ողջ շրջանակ, որոնք Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են, այդ թվում՝ մոնիտորինգի մարմինների կողմից ստացված առաջարկություններ և խորհուրդներ:

Համագործակցությունը ներառում է բազմաոլորտ բարեփոխումներ, գործունեության բազմազանություն ՝ դատական համակարգին, խոսքի և մամուլի ազատությանը, ընտրական օրենսգրքին, քրեակատարողական հիմնարկներին, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական համախմբմանը, տեղական ինքնակառավարմանը, ինպես նաև, հասարակությունների միջև  երկխոսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներին առնչվող:  Այս համագործակցությունն իրականացվում է, մասնավորապես,  ԵԽ-Հայաստան գործողությունների պլանի շրջանակներում:

Հիրավի, այս բարեփոխումներում մենք գրանցել ենք բովանդակային առաջընթաց, սակայն ժողովրդավարական հասարակության և երկրի կառուցումը շարունակական գործընթաց է և մենք պատրաստ ենք հետևողական ջանքեր կիրառել՝ հասնելու մեր նպատակներին:

Հայաստանը ակտիվորեն ներգրավված է «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնությանը, որը հետապնդում է կառավարման մեջ արդյունավետության, հաշվետվողականության և թափանցիկության խթանման սկզբունքները:

Այս կոնտեքստում մենք մեծ կարևորություն ենք տալիս Սահմանադրական բարեփոխումներին , որը նախաձեռնել ենք Հայաստանում: Այն նպատակաուղղված է օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու ազատությունների համար սահմանադրական երաշխիքների հետագա ուժեղացմանը, լիազորությունների պատշաճ հավասարակշռությանը,  լավ կառավարման խթանմանը և հանրային կառավարման արդյունավետության ընդլայնմանը:

ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծվել է ՝Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:  2014 թ-ի ապրիլին Հանձնաժողովը հանրապետության նախագահին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը հավանության է արժանացել 2015 թ-ի մարտին:

Հայեցակարգի հաստատումից 10 ամիս անց Հանձնաժողովը կներկայացնի Սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ի թիվս այլոց, մենք երախտապարտ ենք Եվրոպայի խորհրդին՝ Վենետիկի հանձնաժողովի միջոցով այս գործընթացին իր աջակցությունը ցուցաբերելու համար:

Այս պահին, ունենալով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը հավանության է արժանացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, մենք ձեռնարկել ենք գործընթաց՝ խարսխված թափանցիկության սկզբունքի վրա՝ բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելու միջոցով:

Մենք վստահ ենք, որ բազմակողմանի սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության ներսում լայն կոնսենսուսի հիման վրա:

Հանձնաժողովը կոչ է արել բոլոր քաղաքական կուսակցություններին ՝ ներկայացնելու իրենց դիտարկումները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Միաժամանակ, ակտիվ հասարակական քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի՝ իրավաբանների, ԶԼՄ-ների, հասարակական, քաղաքական, դատական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների  մասնակցությամբ:

Մենք իսկապես հավատում ենք, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ընձեռում է բացառիկ հնարավորություն երկրում բարեփոխումներ իրականացնելու, որոնք չպետք է բաց թողնվեն:

Տիկնայք և պարոնայք,

կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանում և հաջողություն մաղթում առաջիկա աշխատանքներին:

Շնորհակալություն: 19. 05.2015, Երևան»




Լրահոս