Հանրապետության մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական ինքնակառավարման մարմինների ավելի քան 120 անդամներ, մանկավարժական խորհուրդների, կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, ավագ դպրոցների տնօրեններ մայիսի 19-ին մասնակցում էին աշակերտական ինքնավարության մարմինների 3-րդ համադպրոցական համաժողովին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), որն արդեն 3-րդ տարին ծրագրեր է իրականացնում աշակերտական խորհուրդների հզորացման ուղղությամբ։
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ այսօր կրթության որակի խնդիրը գերակա է, և այդ հարցի լուծման գործում ունեն նաև աշակերտների աջակցության, առաջարկների կարիքը։ Նա աշակերտների հետ խոսեց հանրակրթության բարեփոխումների, ծրագրերի, այլ հարցերի մասին։
ՀԵՀ ավագ դպրոցների հետ տարվող աշխատանքների համակարգող Ելենա Փիլիպոսյանը նշեց, որ համաժողովի ընթացքում ամփոփվում են անցնող տարում կատարված աշխատանքները։ Նա առանձնացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի հետ հանդիպումը, որի ընթացքում ներկայացվում են այն խնդիրներն ու առաջարկները, որոնք ունեն աշակերտական խորհուրդների անդամները։
Մասնավորապես, այս համաժողովի ընթացքում բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությանը։ Աշակերտներն առաջարկում են որոշակի փոփոխություններ կատարել կանոնադրությունում։ Օրինակ, փաստաթղթում ամրագրված չէ, որ գործունեության ծավալման համար աշակերտական խորհուրդները պետք է ունենան տարածք։ Համաժողովի պատվիրակները բարձրացրին այդ հարցը։ Մեկ այլ հարց վերաբերում էր աշակերտական խորհրդի նախագահի ընտրությանը։
Ըստ գործող կանոնադրության՝ նախագահը երկու անգամից ավելի չի կարող ընտրվել։ Ըստ աշակերտական խորհուրդների ներկայացուցիչների՝ փորձը ցույց է տալիս, որ մինչև առաջին տարին ընտրվում են, ծանոթանում աշխատանքին, ընտելանում, երկրորդ տարին սկսում են գործունեություն ծավալել, երրորդ տարին այլևս շարունակելու հնարավորություն չի լինում։ Առաջարկ հնչեց նույն անձին երեք անգամ անընդմեջ թեկնածություն առաջադրելու հնարավորություն տալ։ Բարձրացվեց նաև ֆինանսավորման հարցը։ Աշակերտական խորհուրդներն աշխատանքներ տանում են առանց ֆինանսավորման։ Թեև որոշ տնօրեններ աջակցում են, սակայն համաժողովի պատվիրակները նշում են, որ անհրաժեշտ է դպրոցի բյուջեից առանձնացնել որոշակի գումար՝ աշակերտական ինքնակառավարման մարմնի ծրագրերի համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն