ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Միխաելա Մարքսովային:
Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունեց նախարարին, այնուհետև ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց հիմքում ընկած տեղեկատվական բազաների ստեղծումը, բազմաստիճան կուտակային համակարգը, Նախարարը նաև անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ապահովող ծրագրերին:
Տիկին Մարքսովան բարձր գնահատեց հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ընթացող բարեփոխումները: Իր հերթին տիկին Մարքսովան ներկայացրեց Չեխիայի Հանրապետությունում սոցիալական պաշտպանության ոլորտը, իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Չեխիայի հանրապետությունների աշխատանքի և սոցիալական նախարարությունների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես նշեց նախարար Արտեմ Ասատրյանը, հուշագիրը լավ նախադրյալներ է ստեղծում, որպեսզի երկու երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգերի աշխատակիցները, փորձագետները, հաստատությունները կարողանան համագործակցել փորձի փոխանակման, ուսուցումների, վերապատրաստումների, տեղեկատվության փոխանակման առումներով: «Այս հուշագրով մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը, որպեսզի երկու երկրների լիազոր մարմինների պատասխանատուները, աշխատակիցներ հնարավորություն ունենան միմյանց հետ ավելի սերտ շփվել փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման միջոցով և հնարավոր այլ ձևաչափերով»,-իր խոսքում ընդգծեց նախարարը:
Նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպման ավարտին հույս հայտնեց, որ Հայաստանում գտնվելու այս կարճ ժամանակահատվածում տիկին Մարքսովան կհասցնի նաև ծանոթանալ մեր երկրին և մեր մշակույթին:
Չեխիայի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ուղեկցում էին Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան, նախարարության աշխատակիցներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին