Վայոց Ձորում արջը հոշոտել է գյուղացու միակ ձեռքը. գիշատիչները մարդկանց տներ են ներխուժում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Armlur.am-ը տեղեկացավ, որ մարմնի և աջ ձեռքի մասում վնասվածքներով Քարագլուխ գյուղի սարից Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել այդ գյուղի բնակիչ, 66-ամյա Էդիկ Սաֆարյանը, ում վրա սարում արջն է հարձակվել:

Armlur.am-ի հետ զրույցում Քարագլուխ համայնքնի ղեկավար Արթուր Ստեփանյանը հայտնեց, որ մարդկանց վրա արջերի հարձակումներն իրենց մոտ արդեն 5-6 տարի է` սովորական երևույթ են դարձել: Գյուղապետի խոսքով, քանի որ արգելվում է սպանել կենդանուն, ուստի արջերը շատացել են, անգամ գյուղամեջ են մտնում, մարդկանց տների մոտ են կանգնում. «Բալկոնների տակ են կանգնում ու մնում կանգնած: Ո՛չ կարողանում ենք հեռացնել, ո՛չ սպանել: Չափից դուրս շատ են ու ագրեսիվ: Մարդկանց վրա են հարձակվում, այս տարի արդեն 40-ից ավել մեղվի փեթակ են վնասել, անասուններ են սպանել, հոշոտել: Այսօր առավոտից տասնյակ մարդիկ են եկել գյուղապետարան, բողոքում են, ասում են վնասներս փոխհատուցեք` ցանքատարածքներ են վնասվել, ցանկապատներ ու էլի ահագին բաներ: Այդ մարդկանց էլ չի կարելի մեղադրել»:

Արթուր Ստեփանյանը հայտնեց նաև, որ ծրագիր է մշակվում քնաբեր փամփուշտ կրակել, որպեսզի այդ կերպ հնարավոր լինի վնասազերծել կենդանուն և տեղափոխել այլ վայր: Այս ծրագիրը, գյուղապետի խոսքով, երկար ժամանակ է` քննարկվում է, սակայն անարդյունք. «Այս պետությունում կենդանին ավելի կարևոր է, քան մարդը: Եթե ինչ-որ մեկն էլ գյուղացիներից զայրանա ու սպանի կենդանուն, մահու չափ կքերթեն էդ մարդուն»,- վրդովված շարունակեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է երեկ արջի հարձակմանը ենթարկված Էդիկ Սաֆարյանին, ապա մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գյուղացին երկար տարիներ է` մի ձեռք ուներ միայն, երեկ էլ արջը մյուս ձեռքն է վնասել: Հնարավոր է` այդ ձեռքը ևս հեռացվի. «Խեղճ մարդը կդառնա երկրորդ կարգի հաշմանդամ: Էն ժամանակ գոնե մի կերպ կարողանում էր գոյատևել, հիմա էլ կդառնա ոչ մի բանի պիտանի մարդ: Արջն ամբողջ երեսը ճանկռել ու մարմնի տարբեր մասերն էր վնասել»:

Նշենք, որ մարդկանց վրա արջերի հարձակումները միայն այդ գյուղում չեն լինում: Վերջին շրջանում բազմիցս արձանագրվում են նման դեպքեր, հիմնականում` ծանր ելքերով:




Լրահոս