Կարինեի դերակատարուհու անկատար երազանքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 1967-ին էկրանավորվում էր «Կարինե» երաժշտական կատակերգությունը, դերասան Արման Կոթիկյանը գլխավոր դերակատարուհուն` Լիդա Հարությունյանին, ասել էր` եթե կյանքումդ ուրիշ դեր էլ չխաղաս, էլի մնալու ես հայ կինոյի պատմության մեջ: Այդպես էլ եղավ: Կարինեին մարմնավորելուց հետո մասնագիտությամբ ինժեներ-կոնստրուկտոր Լիդան` ռեժիսոր Արման Մանարյանի կինը, այլեւս ոչ մի դեր չխաղաց, թեեւ հրավերները բազմաթիվ էին Լենինգրադից, Մոսկվայից եւ այլ քաղաքներից:
Այսօր, արդեն, Լիդա Հարությունյանը մեզ հետ չէ… Օրերս նա հեռացավ կյանքից` իրենից հետո թողնելով տարիների հիշողությունը: Ներկայացնում ենք նրա հետ ունեցած զրույցից պատառիկներ (դա, թերեւս, նրա վերջին հարցազրույցն էր), որոնք հրապարակվում են առաջին անգամ:

11045500_863679363713131_4885794179443162721_n

Նա ասում էր. «Երկու երազանք ունեի, որոնք չկատարվեցին. մեկը` չորս երեխա ունենալն էր, մյուսը` աշխարհով մեկ ճամփորդելը: Արմանը չուզեց, որ մենք շատ երեխաներ ունենանք, ասում էր` ես մեծ եմ, չեմ հասցնի նրանց տիրություն անել: Շատ ճամփորդել էլ չստացվեց, որովհետեւ խորհրդային տարիներին մեր երկիրը փակ էր, հետո էլ չստացվեց»:

10422234_863679310379803_9146297633835318201_n

Լ. Հարությունյանը խոստովանում էր, որ խենթի նման սիրել է ամուսնուն, ամուսինն էլ` իրեն. «Միշտ խանդել եմ Արմանին, ժամանակին մի կատու ունեինք, երբ ամուսինս մտնում էր տուն, նրա վրա ուշադրություն էր դարձնում, անգամ այդ փիսիկին էի խանդում, էլ ուր մնաց` դերասանուհի-փիսիկներին չխանդեի, բայց դրա հետ մեկտեղ նրան ազատ էի թողնում…»,-ծիծաղելով անկեղծանում էր Կարինեի դերակատարուհին:

Նա ասում էր` Երեւանն առաջ մի տեսակ ուրիշ էր. «Երեւի ջահել էինք, սիրահարված, դրա համար քաղաքն այլ էր թվում: Հիշում եմ` մի անգամ քաղաքով զբոսնում էինք, սաստիկ ծարավեցի, ցայտաղբյուրներն էլ փակել էին, Արմանը գնաց խանութից ձմերուկ առավ, ոտքի վրա ջարդեց, կերանք, հագեցանք…Հիմա ո՞վ նման բան կանի»,-հիշում էր տիկին Լիդան:

10501796_863678650379869_8850750093718744021_n

Նա շատ էր մտածում մեր երկրի, իր երեխաների, թոռների ապագայի մասին. «Պատերազմից հետո գալիս են լավ ժամանակներ: Բայց ինչ-որ շատ ձգձգվեցին այդ ժամանակները…Մութ ու ցուրտ տարիներին երեխաներիս պահեցինք հայրենիքում, վերջում էլի գնացին երկրից…Գուցե հետ գան…Բայց ահա տեսնում եմ, որ թոռնիկս արդեն ռուսերեն է մտածում…Ուզում եմ, որ նրանք հետ գան, բոլորս միասին լինենք…»:

Հ.Գ. «Ժողովուրդը» ցավակցում է Լիդա Հարությունյանի հարազատներին եւ ընկերներին` ծանր կորստի կապակցությամբ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս