ԲՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոալիցիոն նոր Հուշագրի ստորագրումը համաձայն ներկուլիսային խոսակցությունների` նախատեսված է մինչեւ այս շաբաթվա վերջ: Բազում քննարկվող տարբերակներից, սկսած նրանից, որ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանը կստորագրի՞, երեկ շրջանառվում էր ստորագրվելիք տեքստի  երեք տարբերակ. ա. «կոալիցիան պաշտպանում է Սերժ Սարգսյանին», բ. «կոալիցիան պաշտպանում է միասնական թեկնածուի» եւ գ. «կոալիցիան պաշտպանում է գործող նախագահին»: Աբսուրդ է, բայց մեկշաբաթյա հակասական, իրարամերժ լուրերից ու իրադարձություններից հետո երեկ ամեն ինչ վերադարձել էր «դարձ ի շրջանս յուր»: Այսինքն` կրկին խոսվում էր, որ  դրված է «կամ կամ»-ի հարցը. կա՛մ ԲՀԿ-ն ստորագրում է կոալիցիոն նոր հուշագիրը, կա՛մ դուրս է գալիս: Հետաքրքիր է, որ այս հարցը ԲՀԿ համագումարին հաջորդած առաջին երկու օրերին փակված էր համարվում: ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը, որը համագումարի հաջորդ օրն արդեն սկսել էր վերցնել հեռախոսը, հարցին, թե «հնարավո՞ր է, որ Ծառուկյանը ստորագրի եւ եթե այո` ե՞րբ», մի տեսակ արհամարհանքով ասաց. «բայց ձեզ համար այս հարցը Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո փակված չի՞»: Ու եթե բարգավաճականների նման պահվածքն ու հարցադրումները ինչ-որ չափով հասկանալի էին, ապա անհասկանալի էին հանրապետականների նույնանման պնդումները, որոնք մեր տեղեկություններով` լուրջ նեղված  են իրենց առաջնորդին ցույց տրված ԲՀԿ-ի անհարգալից վերաբերմունքից: Ու հիմա,  փաստորեն, կոալիցիան կանգնած է նույն «դիլեմայի» առաջ` Գագիկ Ծառուկյանը ստորագրո՞ւմ է, թե՞ ոչ: Որ  կրկին ինչ-որ բաներ են բանակցվում, որ կրկին սպասողական դրություն է, սրա մասին է վկայում նաեւ այն, որ երեկ ամբողջ օրը   հանրապետականները  լռություն  էին պահպանում: Թեմային առնչվող նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ խաղի չհստակեցված պայմանների ու  կոալիցիոն գործընկերների տարբեր տրամաչափի ներկայացուցիչների` երեկոյան իրենց առավոտյան ասածների հերքումների պատճառն այն է, որ բանակցություններին ամբողջությամբ տիրապետում են  երեք-չորս մարդ, որոնք էլ  հարկ չեն համարում իրենց քաղաքական թիմերին ու մերձավորներին հընթացս տեղեկացնել:  Բայցեւ, ինչպես ԲՀԿ-ի համագումարի նախօրեին, ստորագրման հավանակությունը բավականին մեծ էր համարվում:  Այն, որ Գագիկ Ծառուկյանը կստորագրի կոալիցիոն նոր հուշագիր կոչվածը, չբացառեց  երեկ խորհրդարանում գտնվող  ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը: Նա նախ ասաց, որ «տեղյակ չէ  նման ինֆորմացիայի», ապա ճշգրտող հարցին` «այդուհանդերձ, Դուք հավանական համարո՞ւմ եք, որ վաղը կարող է նման հուշագիր ստորագրվի», պատասխանեց, որ  համարում է: Բայց նաեւ ասաց, որ ԲՀԿ-ում նման հարց չի քննարկվել: -Այդուհանդերձ, ասել եք, որ ԲՀԿ-ն  2013 թ. ընտրություններում պաշտպանելու է հանրապետության այսօրվա նախագահին,- հիշեցրեցինք Բոստանջյանին, որի հետ հարց ու պատասխանը ներկայացնում ենք ուղիղ: -Ես հիմա էլ եմ ասում, իսկ ինչո՞ւ չպաշտպանենք: Դուք ուզում եք, որ չպաշտպանե՞նք: -Հարց ենք տալիս, որովհետեւ ԲՀԿ-ն մինչ այժմ հստակ չի ասել այդ մասին: -Եթե չի ասել, իմ խոսքը չի ծածկո՞ւմ դա: Այսինքն, ես եթե մի խոսք ասել եմ, այդ խոսքը վերաբերում է նրան, որ ես կուզենամ իմ երկիրը, որպես քաղաքացի, ոչ թե կուսակցության ներկայացուցիչ, ունենա ուժեղ ղեկավար, լինի արդյունավետ երկիր,  եւ այսօր, բոլոր պարագաներում, գործող մեր նախագահն այդպես է ներկայացել անցած ամբողջ 20 տարիների ընթացքում: Որեւէ հիմք չկա ինձ մոտ, որպեսզի ես հանկարծակի ուզենամ այդ որակական հատկանիշների առկայության պարագայում գտնեմ մի հատ ուրիշ ալտերնատիվ: -Այսինքն Դուք գտնում եք, որ նման ալտերնատիվ չկա՞: -Երեւի թե տենց ընդունենք: – Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ  համագումարի իր ելույթում ասաց, որ եթե ինքը «զգա մի պահ, որ  լիարժեք ինքը չի կարող իրականացնել վստահությունը, ինքը դուրս կգա: Կարծիք կա, որ սա նախապատրաստվում է Ռոբերտ Քոչարյանին համար: -Դա էլ սարքած բան է: Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանն իր ներդրմամբ, իր շրջանառությամբ, հասարակությանը ծանոթ լինելով  այն մարդը չէ, որ, ասենք թե, ինչ-որ մեկին ուզենա պաշտպանի, հասկանո՞ւմ եք: Այդ մեծություններն արդեն դադարում են որպես այդպիսին` ուրիշի համար որոշակի հիմքեր ստեղծելու առումով: Էլի ասում եմ, համապատասխան անակնկալների, անակնկալներ շինողների, անակնկալների սպասողների համար… ԲՀԿ 5-րդ համագումարի կանոնադրականից հետո, բոլոր նրանք, ովքեր դեռեւս ամբողջությամբ զոհված չեն, դեռեւս շարունակում են ջղաձգային բառեր ասել, դրանց մեջ էլ կարող է մտքերը լինեն: -Ասացիք, որ այլընտրանք չեք տեսնում, իսկ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի առաջադրվի նախագահի թեկնածու, ապա այդ դեպքում… -Այդ ժամանակ մենք պետք է մտածենք, եթե գտնվում ենք այդ քաղաքական ուժի մեջ: Իսկ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ բացահայտ ու հրապարակավ հանդես է եկել ու ասել է, որ այդ գործառույթները երբեւիցե իր համար ցանկալի չեն: Հո ե՞ս չեմ ասել:Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, երկուշաբթի երեկոյան նախագահականում են եղել երկու խնամիները` Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը: Բայց մանրամասներ, թե այդ հանդիպումը, որն անպայման առնչվում է կոալիցիոն նոր հուշագրին, կոնկրետ ինչ նպատակներ է լուծել կամ լուծելու, հայտնի չեն: Հետեւենք զարգացումներին:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս