Ընթերցող երեխան` շրջապատի հերոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել «Ընթերցման» օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ողջունելով «Ընթերցման» օլիմպիադայի մասնակիցներին և կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը շեշտել է, որ ապագան ընթերցող երեխայինն է:

«Պատահական չէ, որ ՀՀ երկու նախարարությունները բազմաթիվ ծրագրերում համատեղ են հանդես գալիս: Մշակույթն ու կրթությունը միևնույն շքանշանի դիմերեսն ու դարձերեսն են: Սիրելի աշակերտներ, շատ գովելի է, որ դուք ընթերցանության համար արժանանում եք պարգևների, բայց հորդորում եմ ձեզ` կարդացեք նաև այն ժամանակ, երբ ձեզ ոչ ոք չի խրախուսում, որովհետև դուք սովորում եք ձեզ համար, ընթերցանությունը գործիք է դեպի ձեր ապագան:

Խրախուսելի և աջակցության է արժանի «Անտարեսի» և մի շարք այլ կազմակերպությունների` գիտելիքի և ընթերցանության քարոզարշավը: Այս հրաշալի նախաձեռնությունը թող շարունակություն ունենա, և հաջորդ տարիներին հպարտանանք մրցույթի աշխարհագրության ընդլայնմամբ, ընդգրկվածությամբ և մասնակիցների թվի աճով»,-նշել է Արմեն Աշոտյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ընդգծել է, որ օլիմպիադայի անցկացումը փայլուն նախաձեռնություն է: “Օլիմպիադան մեծ առաքելություն ունի. առաջին հերթին այն մեծ սեր ու հարգանք է դեպի մայրենի լեզուն, որը յուրաքանչյուր հայ իր մեջ պետք է տանի: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է հայոց լեզվի պահպանմանը, միայն խրախուսելի է”,-նշել է Հասմիկ Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` օլիմպիադայի կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ աջակցելու համար:

Նշենք, որ օլիմպիադայի 1-ին մրցանակին է արժանացել Վազգեն Հովհաննիսյանը /Երևան/, 2-րդ մրցանակին` Մարինա Բոյաջյանը /Երևան/, իսկ 3–րդ տեղը զբաղեցրել է Խաչիկ Նալբանդյանը /Տավուշի մարզ/: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Կազմապերպիչների խոսքով՝ «Ընթերցման» օլիմպիադայի հիմնական գաղափարը ընթերցող երեխային շրջապատի, միջավայրի, համայնքի հերոս դարձնելն է:

Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և «Անտարես» հրատարակչությունը:




Լրահոս