ԱՊԱՔԱՐՈԶՉԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես վերջին տարիներին մեր իրականությունում քարոզչության եւ PR տեխնոլոգիաների դերակատարությունն այնքան է մեծացել, որ երբեմն թվում է, թե մեր պետական ողջ համակարգը զբաղված է ընդամենը մեկ գործով` փի առ-ով: Սկսած երկրի նախագահից ու վարչապետից՝ բոլորը զբաղված են իրենց արած ու չարած աշխատանքը գովազդելով, իրենց ոլորտում առկա ձեռքբերումները թմբկահարելով ու ցանկալին իրականության տեղ հանրությանը մատուցելով: Եւ այդ ընթացքում հայրենի պաշտոնյաները երբեմն այնքան են տարվում ու կտրվում իրականությունից, որ երբ մի օր բախվում են  դաժան իրականությանը, ի վիճակի չեն լինում այն  ընկալել` համարելով լրատվամիջոցների  կազմակերպած սադրանք կամ մութ ուժերի պատվեր: Այս առումով  հատկապես մտահոգիչ է այն, որ այդ համատարած քարոզչամոլությունը  գնալով  համակում է այնպիսի ոլորտներ, որտեղ իրականության խեղաթյուրումը կարող է հղի լինել շատ վտանգավոր հետեւանքներով: Վերջին ամիսներին  նման միտում է զգացվում նաեւ հայոց բանակում, որտեղ առկա բազմաթիվ թերություններին, բռնության դեպքերին, սպանություններին ու ինքնասպանություններին, զինծառայողների ու սպաների միջեւ հաճախակի հանդիպող ոչ կանոնադրական հարաբերություններին, գեներալիտետի ամենաթողությանն ու չարաշահումներին ՊՆ լրատվության պատասխանատուները որոշել են հակադարձել  զորանոցային «իդիլիան» ներկայացնող հայլուրյան ոճի տեղեկատվության տիրաժավորմամբ: Այդ նպատակով ՊՆ մամուլի պատասխանատուները, հրավիրելով  յուրային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, «անակնկալ այցեր» են կազմակերպում սահմանամերձ զորամասեր եւ լրագրողներին հնարավորություն տալիս ի մոտո ծանոթանալ այնքան քննադատվող բանակային կյանքին` բնականաբար մինչ այդ ձեռնարկելով համապատասխան միջոցները: Հետաքրքիր է՝ նմանատիպ միջոցառումներով ում եւ ինչում են  ցանկանում համոզել բանակի «փիառշչիկները»: Բնականաբար, մենք երբեք չենք պնդել, որ հայոց բանակում ամեն ինչ վատ է, ընդհակառակը` մշտապես աշխատել ենք հնարավորինս զուսպ լինել բանակի հետ կապված խնդիրների լուսաբանման հարցում: Սակայն, ինչպես հայտնի է, կա՛մ լավը, կա՛մ ոչինչ  սկզբունքը  վերաբերում է մեռածներին, իսկ հայոց բանակը մենք համարում ենք մեր բոլորիս զավակների անվտանգության երաշխավորն ու մեր պետականության ամենակարեւոր հենասյուներից մեկը, որի ամրապնդման միակ ճանապարհն առկա խնդիրները վեր հանելն ու դրանց լուծման ուղղությամբ ոչ թե քարոզչական, այլ իրական, գործուն քայլեր ձեռնարկելն է: Իսկ դրա համար ՊՆ աշխատակիցները, հատկապես նրանք, ովքեր կոչված են ապահովել հասարակայնության հետ կապերը, պարտավոր են ոչ թե  անհասկանալի ագրեսիայով հակադարձել առկա թերությունների մատնանշմանը, այլ ամեն կերպ փորձել համագործակցել դրանք մատնանշող լրատվամիջոցների եւ իրավապաշտպանների հետ: Ցավոք, առայժմ հակառակն է:




Լրահոս