Տարածքային իշխանիկներն ինչպես կարողանում, պայքարում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղեկություններ ստացվեցին, որ Աբովյան քաղաքի «Աբովյան» հեռուստաընկերության հեռարձակումը կաբելային կապով անջատվել է, եւ աբովյանցիները հնարավորություն չեն ունեցել դիտելու հեռուստաընկերության հաղորդումները: Հիշեցնենք, որ նշված հեռուստաընկերությունը պատկանում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից փորձեցինք պարզել «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային հեռարձակումը անջատելու պատճառները: Գ. Բունիաթյանն ասաց, որ իրենց գործառույթը նշված հեռուստաընկերության եթերի ապահովումն է, եւ այդ հարցում որեւէ խնդիր չկա: Իսկ կաբելային կապով տարածման հետ կապված խնդիրների լինել-չլինելու հարցը կպարզեն: Այն, որ Հայաստանում առանց վարանելու կարելի է ցանկացած հեռուստաընկերություն եթերից զրկել, վաղուց հայտնի փաստ է, բայց դա հնարավոր է միայն ամենաբարձր մակարդակում կայացված որոշման հիման վրա:

Բայց, ինչպես տեսնում ենք, այդ մեթոդը սկսել են նաեւ մարզային մակարդակով, տարածքային իշխանիկների միջեւ ընթացող մարտերում կիրառվել: Այլ կերպ ասած՝ ինչպես կարողանում, պայքարում են: Մնում է՝ վաղն էլ մեկը մյուսի հոսանքի լարը կտրեն ու գողանան:




Լրահոս