Երեկ խորհրդարանում շարունակվեց քննարկվել Կոտայքի մարզում աղբահանության համար ՎԶԵԲ-ի հետ կնքված վարկային համաձայնագրի հարցը, որը ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամներին «ստիպել» էր ելույթներ նախապատրաստել ու քննադատել նախագիծը: Խմբակցության բոլոր անդամները մեկիկ-մեկիկ ելույթ ունեցան ԱԺ ամբիոնից՝ գրեթե նույն բովանդակությամբ ու առոգանությամբ քննադատելով վարկով աղբահանություն անելու մտադրությունը:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում էր 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության եւ «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ի միջեւ ստորագրված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով հայկական կողմին տրամադրվելու է 3.5 մլն դոլար: «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ը նույնքան էլ դրամաշնորհ է տրամադրելու. ընդհանուր ծրագրի արժեքը 7 մլն դոլար է:
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ ԱԺ ամբիոնից ինչքան հնարավոր էր՝ դժգոհեց աղբահանության որակից. «Ինչքան էլ ուզում է համայնքներում այս ծրագիրն իրականացնենք, մայրուղիների շրջակայքում գտնվող աղբանոցները մենք ի՞նչ պետք է անենք, որ մեքենաներից շպրտում են ինչ ասես: Օրինակ՝ Կոտայքի մարզում, երբ գնում ենք Սեւան, «Չայնիի» ոլորաններում այն աղջկա արձանը աղբավայր է դարձել: Կիսով չափ մերկացրել են, ձեռքն են հանել նույնիսկ: Այս ծրագրով հնարավոր չի՞ մայրուղիների հարցն էլ լուծել»:
Ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը, պարզվեց, դժգոհ է Երեւանի աղբահանությունից. «Երեխաները աղբավայրերի մոտ խաղում են, կենդանիների հետ են շփվում, անընդհատ այդ վիրուսը տարածվում է մեր ընտանիքներում: Պատուհանները բաց են, գիտեք՝ այդ հայտնի ճանճերն ինչպես են ներխուժում տուն եւ այդ վարակը տարածում մեր ընտանիքները: Եկեք մտածենք՝ այս գումարը, որ վերցնում ենք, գոնե մի քիչ օգուտ տալո՞ւ ենք ամենալուրջ խնդրին, մանավանդ, երբ կա արտագաղթ»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարին անհանգստացնում էր հատկապես Սովետաշենի աղբանոցի խնդիրը. «Խոսեք, տեսեք՝ ինչպես են ամեն օր այդ փողոցում անցնում մարդիկ: Կուզենայի, որ այս վարկային ծրագրի տակ լիներ առաջնահերթություն, արդյոք մենք առաջնահերթությա՞մբ ենք առաջնորդվում»: Նույն հարցի հետ կապված ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը: Բանն այնտեղ հասավ, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե անհասկանալի է ՕԵԿ-ի դիրքորոշումը, քանի որ պատգամավորները հարցի հետ կապված տարբեր տեսակետներ հայտնեցին:
«Ժողովուրդ»-ը աղբահանության համար վարկ ու դրամաշնորհ ստանալու թեմայի շուրջ զրուցեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ: Ի դեպ, հենց նա էր հարցը ներկայացնում խորհրդարանում:
-Պարո՛ն Տերտերյան, կարծես թե խորհրդարանական ընդդիմությունը դեմ է այն համաձայնագրին, որը Դուք ներկայացրիք օրենսդիրներին: Տարբեր պատճառաբանություններ նշվեցին, ըստ որոնց՝ պետք չէ վարկ վերցնել՝ աղբահանության նման անշնորհակալ ծրագիր իրականացնելու համար: Ինչո՞ւ նման կերպ արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները:
-Ընդհանուր մտահոգություն են փորձում արտահայտել՝ վարկ, վարկի տեսակարար կշիռ, արտաքին պարտք ու այս կարգի հայտարարություններ: Իհարկե, վերահսկողության անհանգստություն կա, հետեւողական լինելու անհանգստություն կա, բայց մենք այդ ամենը գիտակցում ենք, եթե նման քայլի ենք գնում: Ինչպես կարելի է հայտարարել՝ արդյոք այսօր աղբահանությունը առաջնահերթություն է, թե՞ չէ, իհարկե, առաջնահերթություն է: Իհարկե, պետք է նայել, թե աղբահանությունից առաջ միգուցե էլի ուրիշ շատ հրատապ խնդիրներ կան, բայց հնարավորությունները թիրախավորված են:
Հիմա այս բանկի հետ հնարավորություն է ընձեռնվել աղբահանության ծրագիր իրականացնելու, չեմ կարծում, որ որեւէ մեկը կասի, թե մեր երկրում աղբահանության խնդիր չկա, հիմա մենք փորձում ենք այս հնարավորությունը իրացնել, հատկապես փորձում ենք իրացնել մարզում, հատկապես փորձում ենք իրացնել համայնքներում: Առաջին անգամ միջհամայնքային համագործակցություն է տեղի ունենում, սա նոր ինստիտուտ է: Ելույթներում հայտարարում են, թե եթե այդ համայնքներում վարկը հետ չտան, ի՞նչ կլինի, ոչ մի բան չի լինի: Իսկ եթե պետությունը որեւէ վարկ հետ չտա, ի՞նչ կլինի…
Մենք կհետեւենք, որ վերադարձնեն, մի պատգամավոր հայտարարեց՝ պետությունով անենք, տանք համայնքին, բայց ի՞նչ տարբերություն: Չի կարելի թացն ու չորը խառնել իրար, իհարկե, պետք է անհանգստանալ, որպեսզի թիրախավորված ծախսվեն, օբյեկտիվ ծախսվեն, չփոշիանան, այս ամեն ինչը հասկանալի է, բայց թացն ու չորը չի կարելի իրար հետ խառնել:
-Պատգամավորները հայտարարեցին, որ իշխանություններին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նման վարկերը մնալու են հաջորդ սերունդների ուսերին:
-Գիտեք ինչ, ընդհանրապես վարկ վերցնելը ինքը, որպես երեւույթ, չի կարելի ասել լավ կամ վատ: Իհարկե, կարելի է վարկ վերցնել՝ շատ արդյունավետ ծախսելու, իսկապես, կարելի է վարկ վերցնել աննպատակ, տանել, կորցնել, հետո ասել, թե ծանրացրել են սերունդների վրա: Իսկ ինչու է պետք մտածել, որ հենց այս դեպքում լինելու է այդպես, այս դեպքում հատկապես այդպես չի լինելու, որովհետեւ 7 միլիոնը դառնալու է աղբավայր ու աղբատար մեքենա:
Հավելենք, որ այսօր հարցը դրվեց քվեարկության, իսկ մինչ այդ վարման կարգով հանդես եկավ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նշեց, որ վարկի համար առկա գաղափարը լավն է, քանի որ աղբահանությունը կարևոր հարց է: Պատգամավորը կոչ արեց հիմա չքվեարկել, որպեսզի կառավարությունը փոփոխված նախագիծ ներկայացնի: Ի վերջո ստացվեց կողմ 72, դեմ 4 և 23 ձեռնպահ ձայներ և որոշումն ընդունվեց:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ