Հայկազ Բարսեղյանի արժանապատվությունը ստորացրած կուրսանտն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հայհոյելու և քաշքշելու, պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելու մեջ մեղադրվող կուրսանտ Արշակ Մարտիրոսյանին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց կալանքի` 2 ամիս ժամկետով: Դատարանի որոշմամբ, կուրսանտի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, այլ կսահմանվի 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Այսօրվա դատական նիստում կուրսանտ ամբաստանյալը պնդել է արագացված դատաքննության կարգ կիրառելու իր դիրքորոշումը, որը հայտնել էր նախաքննական մարմնին: Կուրսանտը հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Նրանք բոլորն էլ կալանավորված են: Այս գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Արշակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նաm հանդիսանալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 1-ին կուրսանտական գումարտակի 1-ին մարտկոցի 1-ին դասակի կուրսանտ, այս տարվա հունվարի 28-ին «Ա. Սպենդարյանի» անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում, ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 65-րդ հոդվածներով սահմանված` զինվորական ընկերասիրությունը բարձր պահելու, զինծառայողներից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը հարգելու, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ կոպտություն և ծաղրուծանակ թույլ չտալու, զինվորական հարգանքի և վարքի կանոնները պահպանելու զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ: Վիճաբանության ընթացքում Արակը հայհոյել և քաշքշել է Հայկազին` այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

Արշակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելու՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելու համար):




Լրահոս