ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹԱՆԿԱՑՄԱՆՆ ԸՆԴԴԻՄԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը Հանրապետական կուսակցության այն անդամներից մեկն է, որը խմբակցության նիստի ժամանակ ներկայացրել է իր բացասական վերաբերմունքը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի շուրջ: Վ. Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ շատ վրդովված է այդ հանգամանքից, սակայն սպասում է պատկան մարմինների ներկայացնելիք բացատրություններին: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաեւ, որ իր դիրքորոշման մասին արդեն տեղակացրել է խմբակցության անդամներին:

-Պարո՛ն Կարախանյան, Դուք ինչպես եք վերաբերվում էլեկտրաէներգիայի սակագնի նման չափի թանկացմանը` ներկայիս առանց այդ էլ ծայրահեղ սոցիալական պայմաններում: Նախօրեին Ձեր գործընկերներն այդպես էլ չցանկացան հարցը խորհրդարանում քննարկել եւ իրենց դիրքորոշումը հայտնել:
-Ինձ համար շատ ծանր է այդ հարցը, մի՛ հարցրեք, որովհետեւ դա շատ վատ ազդեցություն է ունենալու բոլորիս վրա, շատ վատ ազդեցություն: Գիտեք չէ… ժամանակին՝ սովետական տարիներին, մեկը մտնում է միլպետի մոտ, միլպետին ասում է՝ էս գործը փակի, գնամ էլի, միլպետն ասում է՝ պետք է բերես, փող տաս, ասում է՝ ինչքան, ասում է՝ շատ, ասում է՝ ինչքան շատ, ասում է՝ շատ-շատ, նորից է հարցնում, ասում է՝ շատ-շատ-շատ, ասում է լավ պետք չի… այ, էդքան շատ-շատ-շատ վատ ազդեցություն է ունենալու: Չեմ կարծում, որ ժողովուրդն այսօր այն կենսական մակարդակի վրա է, որ կարողանա նման գին վճարել: Ես Ազգային ժողովում բարձր աշխատավարձ եմ ստանում, բայց ինձ համար այսօր շատ դժվար է այդ կոմունալ ծախսերը վճարել՝ գազ, էլեկտրաէներգիա, ու եթե դրանց մի բան էլ ավելանում է, ուրեմն ամեն ինչ բարդանալու է: Ժողովուրդի մի զգալի հատվածը 120 հազար դրամ աշխատավարձ է ստանում, դրանով այդ կոմունալ ծախսերը վճարեն, թե ապրեն, իրենց մնացած հոգսերի մասին մտածեն, հազար հարց ունեն մարդիկ: Եթե չասեմ՝ անհնարին, ապա շատ վատ ու անելանելի իրավիճակ է ստեղծվել:
-Դուք ներկայացնում եք ՀՀԿ-ն, որը իշխող կուսակցություն է ու կարող է այնպես անել, որ ՀՀ քաղաքացին նման իրավիճակում չհայտնվի: Ի՞նչ եք անում Դուք, արդյո՞ք ինչ-որ քայլեր ձեռնարկելու եք, որպեսզի նման անելանելի իրավիճակից հասարակությունը խուսափի:
-Կոնկրետ ՀՀԿ ֆրակցիայի նիստի ժամանակ այնպիսի որոշում կայացվեց, որ եթե պատկան մարմինները հիմնավոր վերլուծական պատճառներ ներկայացնեն, որը կլինի իրական հիմքերի վրա, այդ ժամանակ մենք մեր տեսակետը կներկայացնենք: Որովհետեւ այն ինչը այժմ շրջանառվում է, որ կորուստներ կան, իրենք խնդիրներ ունեն, ինչի համար են նման որոշում կայացրել, կարծում եմ՝ աբսուրդ է դրա մասին խոսելը: Դեռեւս պետք է ուսումնասիրել փաստերը, որովհետեւ կա կոնկրետ կազմակերպություն, որը ղեկավարում է կառույցը, ու իրենք պետք է ներկայացնեն այն իրականությունը, որը ճշգրիտ է: Չեմ կարծում, որ իրենց վատ աշխատանքի արդյունքում մենք պետք է լրացուցիչ բեռ վերցնենք մեր ուսերին, ես կարծում եմ, որ դրանք հիմնավոր են լինելու:
-Իսկ խմբակցությունում ինչպե՞ս են վերաբերում այն հանգամանքին, որ Դուք եւս ընդդիմանում եք այդ թանկացմանը, արդյո՞ք ՀՀԿ-ն տեղյակ է Ձեր դիրքորոշումից:
-Այո՛, ես խմբակցությունում արտահայտվել եմ, իմ տեսակետը ներկայացրել եմ, բոլորն էլ միահամուռ են ընդունում դա, ես էլի եմ կրկնում՝ մենք եւս սպասում ենք այն հիմնավորումներին, որոնք պետք է ներկայացնեն խորհրդարանին, պետք է լինեն այնպիսի փաստեր, որ չլինի այլընտրանք՝ բացի թանկացումից: Մենք այդ ժամանակ կխոսենք, կներկայացնենք մեր տեսակետը՝ հարցի հետ կապված: Անկեղծ ասած, այժմ ինչ-որ հայտարարություններ անել, ասել, որ ճիշտ չէ, օբյեկտիվ չի լինելու, մենք որեւէ փաստաթուղթ, որտեղ նշված է թանկացման հիմնավորումը, դեռ չենք տեսել: Մենք այժմ չենք կարող պատերազմ հայտարարել, պետք է դեռեւս հասկանալ՝ լինելու է պատերազմ թե խաղաղություն:
-Ընդդիմադիրները հայտարարում են, թե իշխանություններին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ ժողովուրդն ի վիճակի չէ նման թանկացումներին դիմանալ: Արդյո՞ք Ձեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ այն իրավիճակից, որը տիրում է ՀՀ-ում, ինչո՞ւ նրա հետ այս հարցի շուրջ չեք զրուցում, ըստ Ձեզ՝ նրան չի՞ անհանգստացնում այս հարցը:
-Ես բավականաչափ ճանաչում եմ երկրի նախագահին, մեր կուսակցության նախագահին ու կարծում եմ, որ այս թանկացումը իր սրտով էլ չի, ու ինքը՝ որպես նախագահ, իր քայլերն ունի, ես մտածում եմ, որ ինչ-որ քայլեր կկիրառվեն այդ ուղղությամբ: Ես դեռեւս այդ փաստաթղթերին չեմ տիրապետում, չեմ կարող ինչ-որ հստակ պատճառաբանություն նշել, խոսել մեր քայլերի մասին, դրա համար ես դժվարանում եմ ինչ-որ բան ասել: Թանկացում էլ կա, թանկացում էլ, սա մի քիչ անսպասելի թանկացում էր՝ իր չափերով, սա է ամբողջ հարցը: Դրա համար ես չեմ կարող կոնկրետ որեւէ բան ասել այս պահին, բայց որ ես վատ եմ վերաբերվում թանկացմանը, դա ես արդեն ասել եմ, մեր ֆրակցիայի քննարկման ժամանակ դրա մասին բարձրաձայնվել է: Ես ճիշտ եմ համարում, որ այս պահին սպասենք այն փաստերին, որոնք ներկայացվելու են, եւ որոնցում նշվելու է, թե ինչու է պետք թանկացնել էլեկտրաէներգիան:

 

 

 

 

 
ՀՅԴ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆՐԱՔՎԵԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ

Երեկ խորհրդարանում սկսվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների եւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հեղինակած «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, որը բավականին բուռն ընթացք ունեցավ:

Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագծով առաջարկվում է շուրջ 10 անգամ մեծացնել հիմնադրամում մուծումների թիվը, որպեսզի կողմ եւ դեմ արտահայտվողները կարողանան քարոզչություն իրականացնել: «Կենտրոնական հանձնաժողովը մի անգամ է ստեղծվել եւ լուծարվել հանրաքվեի համար: Երբ մենք բոլոր ժամկետները, լիազորությունները համաձայնեցնում ենք ընտրական օրենսգրքի հետ, ժամանակացույցի հետ, չե՞ք գտնում, որ հանրաքվեի մասին օրենքը կարելի էր միավորել ընտրական օրենսգրքի հետ, չունենալ առանձին օրենք հանրաքվեի մասին»,-նման կերպ արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` խոսելով նախագծի մասին:
Մինասյանն էլ, հակադարձելով Մարգարյանին, ասաց, թե չեն կարող մեխանիկորեն հանրաքվեի մասին օրենքը ներառել ԸՕ-ում. «Չմոռանանք, որ մենք ունենք նաեւ տեղական հանրաքվեի մասին օրենք, իրավական տեսակետից խնդիրներ ենք ունենալու»: Սակայն ԲՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց հիմնական զեկուցողի հետ: «Սա մի ընդհանուր փաթեթ է, որի մեջ մտնում է ե՛ւ հանրաքվեն, ե՛ւ ընտրական օրենսգիրքը: Բայց այստեղ բաներ կան, որոնք լուծում չեն գտել: Չեն գտել ոչ թե նրա համար, որ լուծում չկա, այլ որովհետեւ քաղաքական հարթության վրա է քննարկվում հարցը»,- հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Օրինակ՝ երբ ասվում է, որ ընտրություններից անմիջապես հետո ընտրողների ցուցակի հրապարակումը մարդու իրավունքների խախտում է, եւ մեջբերվում է Վենետիկի հանձնաժողովի խոսքը, համաձայն չեմ: Վենետիկի հանձնաժողովի այդ խորհրդատվական փաստաթղթի նախաբանում նշված է, որ յուրաքանչյուր պետություն, ելնելով իր ժողովրդի հոգեկերտվածքից, իր պետությունում տեղի ունեցող գործընթացներին համարժեք է ընդունում ընտրությունների մասին օրենքը: Երբեք նրանք չեն ասում՝ չի կարելի միանգամից փակցնել»,-ասաց Ռ. Հակոբյանը: Վերջինս հավելեց, թե եթե ընտրական օրենսգրքում գտնում են, որ պետք չի ընտրացուցակները հրապարակել, գոնե «Հանրաքվեի մասին» օրենքով ընտրություններից անմիջապես հետո ցուցակները հրապարակվում են:
Այսօր նախագիծը կդրվի քվեարկության:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՓՈՂ ՉԿԱ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում: Վաղը գործադիրին առաջարկվող փոփոխության նպատակը հեռուստատեսության ներկայիս անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը վեց ամսով՝ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը հետաձգելն է: Գործող օրենքով այդ անցումը պետք է ավարտվի այս տարվա հուլիսի 1-ին:
Տեղեկացնենք, որ նախագծին կցված հիմնավորման համաձայն՝ անալոգայինից թվային հեռարձակման անցման աշխատանքներն արդեն 90 տոկոսով ավարտված են, իսկ հետաձգումն անհրաժեշտ է՝ հեռարձակման փոփոխության հետ կապված սոցիալական խնդիրները լուծելու համար: Ինչպես հայտնի է՝ հին հեռուստացույցները թվային ազդակները չեն ընդունում, եւ նման հեռուստացույց ունեցող քաղաքացիներին հարկավոր է լինելու հատուկ սարք ձեռք բերել՝ հեռուստաեթերը դիտելու համար: Ի սկզբանե հայտարարվել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին այդ սարքերը կտրամադրի պետությունն անվճար: Այս նախագիծը վկայում է այն մասին, որ պետբյուջեում ներկայումս համապատասխան միջոցներ չկան, եւ փող գտնելու համար ժամանակ է հարկավոր:

 

ՉԱԽԿԱԼ ԱՐԹՈՒՐԻ ՓՈՂԵՐԸ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները 2014թ. վերջին կազմել են 39 հազ. դոլար, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձն ընդամենը 4 մլն 333 հազ. դրամ է: Բացի այդ, նա նախորդ տարի 55 մլն դրամով ձեռք է բերել բնակելի տուն: Պարզվում է՝ մի տուն էլ գնել է պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը, 53 մլն 300 հազ. դրամ արժեքով: Թե ինչ միջոցներով, պարզ չէ: Հայր Ստեփանյանի նախորդ տարվա եկամուտը, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից, կազմել է 1 մլն 604 հազ. դրամ: Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանը պատգամավոր է դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից: Նա համարվում է ՀՀ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի` «Քեթրինի Միհրանի» հովանավորյալը եւ հայտնի է Չախկալ Արթուր անունով: Նշենք նաեւ, որ Արթուր Ստեփանյանի գործունեությունը ԱԺ-ում սահմանափակվում է կոճակ սեղմելով: Իսկ թե հատկապես որ կոճակը պետք է սեղմի՝ դեմ թե կողմ, նրան հրահանգում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

ՀՈՒՅՍՈՎ ՍՊԱՍԵԼԻՍ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր դեռ սպասում են, թե երբ պետք է ստանան իրենց բնակարանները: «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացավ, որ հնարավոր է՝ «Արցախբանկ»-ը հունիսին սկսի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում եւ Փափազյան 118/1 հասցեում գտնվող շենքերի շինարարությունը: Հիշեցնենք, որ նախկին ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը ունեցած պարտքերի պատճառով նշված շենքերը գրավադրել էր «Արցախբանկ»-ում, Տոնոյանի մահից հետո մարդիկ հայտնվել են անելանելի դրության մեջ: Իսկ ընկերությունից տուժածները 7 տարի է՝ պայքարում են իրենց բնակարանների համար:




Լրահոս