Չինացի կավատները 4 աղջիկ են բերել Երևան մերսող աշխատելու պատրվակով, սակայն ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ ՉԺՀ-ի քաղաքացիներ Չյուին և Վանգին Երևան քաղաքում կամ Վրաստանի Հանրապետությունում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով` խաբեությամբ, իրականում` Երևանում սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, 2014թ. հոկտեմբերին Չինաստանում հավաքագրել և Երևան են տեղափոխել ՉԺՀ 4  քաղաքացիների։ Վերջիններս պահվել են Երևանի Լենինգրադյան փողոցի վրա գործող հյուրանոցային համալիրում և մինչև նախորդ դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը ենթարկվել սեռական շահագործման։

Armlur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է Երևանում չինուհիների թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ չինուհիները Երևանում ենթարկվել են շահագործման։ Մասնավորապես՝ վերջիններս տևական ժամանակ պահվել են երևանյան հյուրանոցներից մեկում, ապա, օգտվելով նրանց տեղանքին անծանոթ լինելու, իրենց մոտ անձնագիր չունենալու և, ընդհանուր առմամբ, խոցելի վիճակում գտնվելու հանգամանքից,  Չինաստանի երեք այլ քաղաքացու կողմից ենթարկվել սեռական ու աշխատանքային շահագործման՝ ամբողջությամբ ստանալով նրանց այդկերպ վաստակած գումարները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Չինաստանի քաղաքացիներին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, իսկ երրորդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Երկու մեղադրյալի մասով վարույթն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ։




Լրահոս