ԱԱԾ-ն կսկսի ստուգել Վարդան Օսկանյանի բանկային հաշիվները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախկին արտգործնախարար, “Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ցուցմունքներ տալ: 
Այս անգամ ԱԱԾ-ի աշխատակիցներին հետաքրքրել է “Սիվիլիթաս” հիմնադրամի նոյեմբերի 2-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած պնդումը, թե Օսկանյանի և “Սիվիլիթաս” հիմնադրամի նկատմամբ հետապնդումը սկսվել է դեռևս 2009 թվականից:
Հիմնադրամն իր այս վարկածն ապացուցող մի քանի օրինակներ էր մատնանշել հայտարարել մեջ: Սակայն ԱԱԾ-ն, ինչպես “Ազատություն” ռադիոկայանին տեղեկացրել է Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հետաքրքրվել է հատկապես մեկով, ըստ որի 2009 թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առևտրային բանկերից մեկի խորհրդի անդամ, սակայն բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպել են Օսկանյանի հանել խորհրդի անդամությունից: Օսկանյանի փաստաբանը պնդում է, որ այս հարցում եղել է երկրի բարձրագույն ղեկավարության միջամտությունը:
“ԱԱԾ-ն փորձեց հարցաքննել, պարոն Օսկանյանը ցուցմունք չտվեց այդ կապակցությամբ”, – ասել է Աթանեսյանը:
Դուրս գալով ԱԱԾ-ից` նախկին արտգործնախարարը կրկին պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ասել է` չի ընդունում դրանք:
“Ազատություն” ռադիոկայանի հարցին` եթե ,Բարգավաճ Հայաստանե-ը որոշի պաշտպանել Սերժ Սարգսյանին և առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցի, ինչի ջատագովը ինքը` Օսկանյանն է, ի՞նչ քայլեր կձեռնարկի, արդյոք կլքի՞ ԲՀԿ-ն, Օսկանյանը պատասխանել է. – “Սպասենք ԲՀԿ-ի որոշմանը: Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունը կկայացնի իր որոշումը, և որոշումը կայացնելուց հետո մենք միասնական ջանքերով կշարունակենք մեր պայքարը, և ԲՀԿ-ն անկասկած իր մեծ ներդրումը կունենա այս ամենի մեջ: Շատ ժամանակ չի մնացել, սպասեք, շատ շուտով դրա պատասխանը կլինի”:
ԱԱԾ-ում Օսկանյանին այսօր նաև տեղեկացրել են, որ կսկսեն ստուգել իր բանկային հաշվեհամարները:




Լրահոս