ԲՀԿ-ական պատգամավորն ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի թանկացման հայտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հիմնավորումները հիմնականում չեն տարբերվում նախորդ տարվա թանկացման հիմնավորումներից: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և հավելեց, որ ուսումնասիրել է ՀԿԾՀ-ի հայցը:

«Առաջին հիմնավորումն ատոմակայանի աշխատանքի ոչ պլանային կանգն է: Ատոմակայանն ամեն տարի պլանային 45 օր չի աշխատում, իսկ դրանից դուրս աշխատանքի կանգն արդեն ոչ պլանային է: Վերջին երեք տարում մեր կլիմայական պայմանները հանգեցնում են նրան, որ մենք սակավաջուր տարի ենք ունենում, ինչի հետևանքով էլ հիդրոէներգետիկան քիչ էլեկտրաէներգիա է արտադրում»,-նշեց Մելքումյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ ՀԷՑ­-ի վնասները հարկավոր է փոխհատուցել, այլապես այն կարող է սնանկանալ: «ՀԷՑ-­ի ծախսերի փոխհատուցմահ համար պետությունը կարող է ունենալ լուծումներ: Պետությունը կարող է փոխառու միջոցներ ներգրավել ՀԷՑ­ի գրավադրման հաշվին, այլ լուծումներ նույնպես կան, երբ բոլոր ռիսկերը դիվերսիֆիկացվում են արտադրող կայանների միջև, և միայն ՀԷՑ-­ը չի կրում պատասխանատվություն, այլ թերմատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց պատասխան են տալիս բոլոր արտադրող կայանները»,­ – հավելեց Մելքումյանը:




Լրահոս