Բաց նամակ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» և դրա անդամ հասարակական կազմակերպությունները բաց նամակ են հղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` կոչ անելով կանխել էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը և լսել հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը.

«Հարգելի պարոն Նազարյան, Հայաստանի Հանրապետությունում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 190 000 անձ: Նրանք կազմում են բնակչության սոցիալապես առավել անապահով խավը, քանի որ անմատչելի միջավայրի եւ խտրական վերաբերմունքի պատճառով զրկված են կրթություն ստանալու եւ աշխատանք ունենալու տարրական հնարավորություններից: Նկատի ունենալով վերը նշվածը` հարկ ենք համարում նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը ֆինանսապես ծանր եւ խիստ բացասական ազդեցություն կունենա հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների վրա, քանի որ թանկացմանը զուգահեռ ֆինանսական նոր հնարավորություններ չեն ստեղծվում նրանց համար:

Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով կբարձրանա նաեւ կենսական նշանակություն ունեցող այլ ծառայությունների եւ ապրանքների արժեքը, ինչն է՛լ ավելի կվատթարացնի հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական վիճակը եւ կենսապայմանները:

Մենք` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» եւ դրա անդամ 23 հասարակական կազմակերպությունները, մտահոգված ենք այս խնդրով եւ մեր շահառուների անունից դիմում ենք Ձեզ` կոչ անելով կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը: Մենք պահանջում ենք հաշվի առնել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, լսել նրանց ձայնը եւ ստեղծել հավասար պայմաններ արժանապատիվ ապրելու համար: Մենք հավատում ենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հետ կապված որոշումներ կայացնողները կարող են համապատասխան ռեսուրսներ եւ միջոցներ կիրառելու դեպքում կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը, եւ լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծվի առանց այն էլ ոչ իրենց մեղքով դժվարին իրավիճակում հայտնված մեր քաղաքացիների համար: Կանխավ շնորհակալ ենք:

Հարգանքով` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միություն եւ անդամ կազմակերպություններ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությամբ մտահոգ հասարակական կազմակերպությունների դաշինք է, որը ստեղծվել է 2006 թվականին եւ միավորում է 23 հասարակական կազմակերպություն»։




Լրահոս