Ո՞ւմ է ձեռնտու դատախազի սպանության քողարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ այս պահին իրավապահ համակարգում քրեական գործերի տասնյակ կասեցված վարույթներ կան, գաղտնիք չէ: Եվ հիմնական պատճառը, որպես կանոն, լինում է որպես մեղադրվող ներգրավված անձի բացակայության հանգամանքը:

Նշված տասնյակ գործերից մեկն էլ դեռևս 2007 թվականին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունն է: Խոսքը Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի վրա կատարած մահացու կրակոցի մասին է: Armlur.am-ը տեղեկացավ, որ դատախազի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը: Այդտեղից Armlur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2007 թվականի օգոստոսի 25-ին հարուցված քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 2007 թվականի դեկտեմբերի 10-ին: 2008 թվականի օգոստոսի 25-ին  քրեական գործով վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու պատճառով:

Մեր մի շարք հարցերը, իհարկե, անպատասխան են մնացել, քանի որ դրանք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, պարունակում են նախաքննական գաղտնիության տվյալներ, հետևաբար հրապարակման ենթակա չեն:

Այդ հարցերից մեկն այն է՝ հարցաքննվե՞լ են արդյոք այն մարդիկ, որոնց անունները դեպքից անմիջապես հետո շրջանառվեցին որպես հիմնական կասկածյալներ, և ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել հարցուպատասխանի արդյունքում, ո՞ր հարցերի պատասխաններն են ստացվել: Հարցեր, որոնց պատասխանների պահանջատերը հանրությունն է:

Իսկ հիմնական կասկածյալներն այդ շրջանում հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ինչպես օրինակ,  Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյան, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալբերտ Ղազարյանի սպանությունից շուրջ մեկ ամիս առաջ դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, որին առնչվում էին նաև նշված` ներկա ու նախկին պաշտոնյաները և այլք:

Վանաձորում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը մինչ այսօր չբացահայտված է մնում, իսկ մեղավորների շրջանակը, դատախազին ճանաչողների խորին համոզմամբ, մշտապես մեծանում է և ներկայիս անորոշ վիճակից ելնելով` դեռևս կմեծանա: Թե ովքեր են վերը նշված անձանցից հարցաքննվել, ինչ հանգամանքներ են բացահայտվել կամ պարզ դարձել, որ հարցերին են պատասխաններ տրվել, դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է` հանցագործը բավականին լավ է ճանաչել Ալբերտ Ղազարյանին, տեղյակ է եղել նրա յուրաքանչյուր քայլին:

Ինչով է բացատրվում այս վարկածը

2007 թվականի օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը` ժամը 00:20-ի սահմաններում, 
իր տնից ընդամենը  50 մետր հեռավորության վրա կրակել էին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի վրա: Անհայտ անձը, որն, ի դեպ, եղել էր առանց դիմակի, Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի ուղղությամբ 4 կրակոց էր արձակել` դեպքի վայրում թողնելով «Մակարով» տեսակի ատրճանակի նույնքան պարկուճ: Արդյունքում  դատախազը ստացել էր երեք միջանցիկ և մեկ կույր վնասվածք` թիկունքի, ուսերի և պարանոցի շրջանում: Սովորաբար ոտքով աշխատանքի գնացող և տուն վերադարձող դատախազին մարդասպանը թույլ չէր տվել մոտենալ առանձնատանը, քանի որ մուտքի մոտ տեսախցիկներ էին տեղադրված: Դեպքի օրը դատախազի հետ էր եղել միայն հեղինակություն համարվող վանաձորցի Գառնիկ Ղաբուզյանը` Գոջո մականունով, ով առաջին կրակոցից հետո փախուստի էր դիմել: Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ:

Ըստ որոշ տեղեկությունների`  Գոջոն փորձել էր դատախազի միջամտությամբ փակել տալ հարուցված մի քրեական գործ: Նա նույնիսկ մի քանի անգամ փորձել էր Ալբերտ Ղազարյանի մոտ ընդունելության գնալ, ինչից հետո դատախազին գիշերվա կեսին «բռնացրել էր» փողոցում ու նրա սպանության վկան դարձել: Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ Լոռու մարզի նախկին դատախազը մարզի պաշտոնյաների մասին որոշակի բացահայտումներ էր կատարել, որոնք պատրաստվում էր հրապարակել, և հենց այդ պատճառով էլ Ալբերտ Ղազարյանին «լռեցրին»: Տեղի ունեցած սպանությունից հետո սկսեցին մեղավորների անուններ շրջանառվել, որոնց մասին արդեն նշվեց:

Այդ ընթացքում մամուլում լուրեր էին շրջանառվում, թե սպանությունը կապ ունի նաև Վանաձորի մաքրման կայանում տեղի ունեցած գողությունների հետ, որոնք ահռելի մեծ գումարների հետ էին կապվում, և որոնց  վերաբերյալ տեղեկություններ է իմացել դատախազ Ալբերտ Ղազարյանը:  Բացի այդ,  ըստ նույն լուրերի, դատախազին հայտնի են եղել նաև Վանաձորում ապօրինի ծառահատումների վերաբերյալ աղաղակող փաստեր: Այդ ամենը ևս կապվում էր Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի անվան հետ, իսկ ավելի ստույգ` նրա եղբոր և աներորդու, ինչպես նաև նրանց մտերիմ մի քանի գնդապետերի, որոնք փայտի մշակման գործարան ունեն:

Ի դեպ, Վանաձորի այդ ժամանակվա և ներկայիս քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղի ունեցածում իր անունը շրջանառելու առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր. «Ով որ իմ անվան շուրջ նման հարցեր ա պտտում, գլուխը քարովն ա տալիս, ես ոչ մի բան չունեմ ասելու, ես գիտեմ, որ ոչ մի վանաձորցի նման բան չի ասի, ինքն է ամենալավ գնահատական տվողը… իրավապահներից հարցրե՛ք»:

Գրեթե նույնաբովանդակ պատասխան էր տվել նաև Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը: Իսկ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանն այս լուրերը ծիծաղելի էր համարել. «…Իսկ կայանի հետ ընդհանրապես կապ չունեմ, ձորով իջնելուց ընդամենը կողքով անցնում եմ»:

Ի դեպ, ավելորդ չենք համարում նշել, որ հարուցված քրեական գործը Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով է, այն է` դիտավորյալ սպանություն, որը կապված է անձի` պաշտոնական պարտականությունները կատարելու հետ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, գործի վարույթը կասեցվել է:

Հ.Գ. Վանաձորցիներն այդ ժամանակ մեծ հույսեր ունեին, որ սպանությունը կբացահայտվի «տաք հետքերով», սակայն վերջին հույսերն արդեն մարում են: Ավելին, մի շարք լրատվամիջոցների հետ առանձին զրույցներում նրանք վստահեցրել էին, որ սպանությունը եղել է պատվիրված և բացառապես ՀՀ վերնախավի «դաբրոյով»:

Վանաձորցիներից ոմանք իրենց վերլուծություններում երբեմն շատ հեռուն էին գնում՝ ասելով, թե մինչև դեպքից առաջ կայացած ԱԺ վերջին ընտրություններն ու մարզի դատախազի սպանությունը Լոռու մարզում ու մասնավորապես Վանաձորում իշխում էին 3 մինի կլաններ կամ «թայֆաներ». քաղաքապետ Սամվել Դարբինյանինը, որի «տանիքը» նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն էր, Վահրամ Բաղդասարյանինը, որի «տանիքը» ՀՀ գլխավոր դատախազն էր, և քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Գագիկ Հովսեփյանինը, որին հովանավորում էր նրա փեսան՝ սպանված դատախազ Ալբերտ Ղազարյանը: Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, այդ շրջանում այս երեք «մինի կլանները» կա՛մ դեպքերի բերումով, կա՛մ հետևողականորեն չեզոքացվում էին:

Սակայն, մի բան ակնհայտ է` ոչինչ չի մոռացվում, իսկ կեղտը ձյան տակ երկար չի մնում:

Տաթև Հարությունյան




Լրահոս