ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԱՂՄԿՈՏ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս  2007թ.  օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը` ժամը 00:20-ի սահմաններում,  Վանաձորում աղմկոտ  սպանություն էր տեղի ունեցել. կեսգիշերն անց իր տնից ընդամենը  50 մետր հեռավորության վրա կրակել էին Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի վրա: Մինչեւ այսօր այդ սպանությունը մնում է չբացահայտված, իսկ մեղավորների շրջանակը գնալով մեծանում է: Ըստ որոշ տարածված վարկածների` գլխավոր մեղավորների ցանկում շրջանառվում են Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ մի քանի  այլ պաշտոնյաների անուններ:
Տարիներ առաջ անհայտ անձը, որն, ի դեպ, եղել էր առանց դիմակի, Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի ուղղությամբ 4 կրակոց էր արձակել` դեպքի վայրում թողնելով «Մակարով» տեսակի ատրճանակի նույնքան պարկուճ: Արդյունքում  դատախազը ստացել էր երեք միջանցիկ եւ մեկ կույր վնասվածք` թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում:
Սովորաբար ոտքով աշխատանքի գնացող եւ տուն վերադարձող դատախազին մարդասպանը թույլ չէր տվել մոտենալ առանձնատանը, քանի որ մուտքի մոտ տեսախցիկներ էին տեղադրված: Դեպքի օրը դատախազի հետ էր եղել միայն հեղինակություն համարվող վանաձորցի Գառնիկ Ղաբուզյանը` Գոջո մականունով, ով առաջին կրակոցից հետո փախուստի էր դիմել: Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ: Ըստ որոշ տեղեկությունների`  Գոջոն փորձել էր դատախազի միջամտությամբ փակել տալ հարուցված մի քրեական գործ: Նա նույնիսկ մի քանի անգամ փորձել էր Ալբերտ Ղազարյանի մոտ ընդունելության գնալ, ինչից հետո դատախազին գիշերվա կեսին «բռնացրել էր» փողոցում ու նրա սպանության վկան դարձել:
Այնուհետեւ տեղեկություններ տարածվեցին, որ Լոռու մարզի նախկին դատախազը մարզի պաշտոնյաների մասին որոշակի բացահայտումներ էր կատարել, որոնք պատրաստվում էր հրապարակել, եւ հենց այդ  պատճառով էլ Ալբերտ Ղազարյանին «լռեցրին»:
Տեղի ունեցած սպանությունից հետո սկսեցին մեղավորների անուններ շրջանառվել, որոնց թվին են դասվում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանի անունները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալբերտ Ղազարյանի սպանությունից շուրջ մեկ ամիս առաջ դատախազությունում քրեական գործ էր հարուցվել, որին առնչվում էին նաեւ նշված` ներկա ու նախկին պաշտոնյաները:
Ըստ «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների` սպանությունը կապ ունի նաեւ Վանաձորի մաքրման կայանում տեղի ունեցած գողությունների հետ, որոնք ահռելի մեծ գումարների հետ են կապվում, եւ որոնց  վերաբերյալ տեղեկություններ է իմացել դատախազ Ալբերտ Ղազարյանը:
 Բացի այդ,  համաձայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` դատախազին հայտնի են եղել նաեւ Վանաձորում ապօրինի ծառահատումների վերաբերյալ աղաղակող փաստեր: Այդ ամենը եւս կապվում է Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի անվան հետ, իսկ ավելի ստույգ` նրա եղբոր եւ աներորդու, ինչպես նաեւ նրանց մտերիմ մի քանի գնդապետերի, որոնք փայտի մշակման գործարան ունեն:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից, սակայն նա հրաժարվում էր խոսել` պատճառաբանելով, որ հարմար չէ, եւ պարբերաբար անջատում էր հեռախոսը: Սակայն մեր հարցադրմանը, որ Լոռու նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության փաստի հետ կապված` իր անունը եւս շրջանառվում է, ասաց. «Ով որ իմ անվան շուրջ նման հարցեր ա պտտում, գլուխը քարովն ա տալիս (մի քանի անգամ կրկնում է-Ս.Գ.), ես ոչ մի բան չունեմ ասելու, ես գիտեմ, որ ոչ մի վանաձորցի նման բան չի ասի, ինքն է ամենալավ գնահատական տվողը… իրավապահներից հարցրե՛ք»:
Փորձեցինք զրուցել նաեւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ, սակայն վերջինս, լսելով մեր թերթի անունը, ասաց. «Ես ձեր հարցերին չեմ պատասխանում, դա ձեր եւ շոշափողի խնդիրն ա, շնորհակալություն, ցտեսություն» եւ անջատեց հեռախոսը: Իսկ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ շատ անհիմն է իրեն այդ հարցում խառնելը: «Ինչի համար որ ինձ մեղադրում էին, ես դրա հիմքերն ունեմ, անկեղծ ասած, դա ընդամենը ծիծաղելի է, չեմ ուզում այդ թեմայով խոսել… իսկ կայանի հետ ընդհանրապես կապ չունեմ, ձորով իջնելուց ընդամենը կողքով անցնում եմ»:
Նշենք, որ Լոռու մարզի դատախազի սպանության գործը գտնվում էր հատուկ քննչական ծառայության վարույթում. հարուցվել էր քրեական գործ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն, որը կապված է անձի` պաշտոնական պարտականությունները կատարելու հետ: Սակայն 2009 թվականի սեպտեմբերին գործը  կասեցվել է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս