Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում մասնակիցներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին նշվում է հռչակագրի եզրափակիչ տեքստում:
«Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծում են տարածաշրջանում հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժաշետությունը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության և հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցումը կարևոր են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության տեսանկյունից: Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ կողմից արված ներդրումը հետագայում կայունության տարածման և վստահության կառուցման գործում, ինչպես նաև ընդգծում են այս ոլորտում ԵՄ հետագա ավելի լայն ներգրավվածության անհրաժեշտությունը», ասվում է հռչակագրի տեքստում` ընդգծալով, որ գագաթնաժողովի մասնակիցները կողմնակից են նախագահական մակարդակով 2009 թվականից ի վեր արված հայտարարություններին:
«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մեկնարկել էր մայիսի 21ի երեկոյան աշխատանքային ընթրիքով: Ընթրիքից առաջ գագաթնաժողովի մասնակից երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին դիմավորել և ողջունել էր Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքին մասնակցում են ԵՄի 28 երկրների ղեկավարները եւ գործընկերության ծրագրի մասնակից վեց պետությունների ներկայացուցիչները:
Միջոցառումը նախագահում է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ԵՄ ի ինստիտուտներից կլինեն նաեւ, մասնավորապես, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ԵՄի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը եւ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալսթրյոմը:
Գործընկեր վեց երկրների թվում Հայաստանը ներկայացնում է նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ուկրաինան՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն, Մոլդովան՝ հանրապետության ղեկավար Նիկոլայ Տիմոֆտին: Բելառուսը կներկայացնի հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Ադրբեջանը՝ նախագահական վարչակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Փորձագիտական շրջանակները նշում են, որ գագաթնոժողովում, հնարավոր է, ազդարարվի ՀՀԵՄ բանակցությունների մեկնարկի մասին: