Մարդիկ դեռ զարմանում են՝ ինչու է Սերժ Սարգսյանը հանդուրժում Սուրիկ Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել կարծիքների, ըստ որոնց, անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանն ինչու է հանդուրժում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, արդյոք չի գիտակցում, որ նա իր կերպարով վարկաբեկում է իշխանություններին: Ընդ որում, նման կարծիքներ հնչեցնում են ինչպես իշխանությունների կողմից հովանավորվող անհատները, այնպես էլ մարդիկ, որոնք հայտնի են իրենց ընդդիմադիր հայացքներով:

Այս մոտեցումը, սակայն, ի սկզբանե սխալ հենքի վրա է կառուցված, քանի որ ենթադրում է, որ Սերժ Սարգսյանին հուզում է, թե հանրությունն ինչ կարծիք ունի իշխանությունների մասին: Այնինչ, տարիների փորձը ցույց է տվել, որ թե՛ ներկա եւ թե՛ նախորդ իշխանություններին առանձնապես չի հետաքրքրել, թե Հայաստանի հասարակությունն իրենց մասին ինչ է մտածում: Նրանք համոզված են, որ կգա օրը, կնշանակվեն ընտրություններ, եւ իրենք «կխփեն այնքան, որքան ուզում են»: Այսինքն՝ պաշտոնյաները, իշխանական գործիչները գնահատվում են այն տեսանկյունից, թե նրանք «թիվ խփելու գործում» որքան հաջողված են, կամ այլ կերպ ասած՝ ընտրություն կեղծելու տեսանկյունից օգտակար գործողության ինչ գործակից ունեն:

Երբ նրան այդ «ՕԳԳ»-ն ցածր է լինում, ապա իշխանությունների համար ձեռնտու չի լինում նրանց շուրջ բարձրացած աղմուկը լռեցնել: Արդյունքում, համապատասխան պաշտոնյան հրաժարական է տալիս եւ գնում իր բիզնեսներով զբաղվելու` հույս ունենալով, որ իր «հերոսությունները» կմոռացվեն, եւ ինքը կրկին ինչ-որ պաշտոնի կնշանակվի: Սակայն Սուրիկ Խաչատրյանն իշխանությունների համար ամենաբարձր «ՕԳԳ» ունեցող պաշտոնյաներից է:

Ավելին՝ նա ընդամենը մի քանի օր առաջ Սյունիքի մարզի ութ գյուղերում անցկացված հանրաքվեի արդյունքում եւս մեկ անգամ դա ապացուցեց: Ուշադրություն դարձրեք, երբ մայիսի 3-ին հայտնի դարձավ նախորդ օրը Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, երբ բոլոր լրատվամիջոցները իրավապահներին «ոտատակ» էին տալիս, երբ Սյունիքի ֆեոդալին արդեն բոլորը գամել էին անարգանքի սյունին, իշխանական ներկայացուցիչներից եւ նրա պաշտոնյա ընկերներից ոչ մեկը չէր համարձակվում փորձել նրան սատարել: Այնպիսի տպավորություն էր, որ բոլորը մի կողմ են քաշվել եւ կողքից հետեւում են, թե ինչ տեղի կունենա Սուրիկ Խաչատրյանի հետ: Բայց կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեից հետո, երբ կրկին հաստատվեց, որ Սյունիքի մարզպետն առաջվա պես ամենաարդյունավետ «թիվ խփողներից» է, նրան սատարողների մի իսկական հերթ գոյացավ: Սեյրան Սարոյանը, մարզպետի անգլերենի նախկին դասատուն, եւ էլի մեկ-երկուսն առանց ամաչելու Սուրիկ Խաչատրյանին սկսեցին հրապարակավ պաշտպանել:

Զուտ բանականության տեսանկյունից անհասկանալի էր, թե ինչ են ուզում ասել Սուրիկ Խաչատրյանին պաշտպանողները, ի՞նչ է նրանց ուզածը, որպեսզի նա իր որդու հետ շարունակի՞ անարգել մարդ ծեծել ու խեղել այլոց ճակատագրե՞րը:
Կարելի է կարծել, թե մեկ կետից բոլորին հրահանգել են լծվել Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությանը: Իրականում, սակայն, ոչ ոք էլ չի հրահանգել, եւ նրանք բոլորն ինքնակամ են լծվել, քանի որ իրենք լավ գիտեն, թե պաշտոնյաների մնալ-չմնալու հարցն ինչպես է լուծվում, եւ որ գործոններն են ամենակարեւորը. ժրաջան ընտրակեղծարարներին երբեք չեն ազատում:

Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավ կողմը շարքային սյունեցիներն են, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի համայնքների բնակիչները: Կասկած չունենաք, որ եթե գնաք այդ գյուղերը եւ բնակիչներին իրենց կյանքից հարցնեք, ապա բողոքի մի անվերջանալի շարան կներկայացնեն:

Մի մասը կեսձայն, մյուսները բարձրաձայն կբողոքեն մարզպետից, կդժգոհեն, թե ինչու Սերժ Սարգսյանը նրան չի ազատում: Բայց խնդիրն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման երկարաձգման համար նշված գյուղերի բնակիչները գործնականում իրենք իրենց պետք է «շնորհակալ» լինեն: Եթե նրանք ընդդիմանալու մի փոքր կարողություն ունենային, ապա գուցե եւ Սուրիկ Խաչատրյանից նրանք, ի վերջո, ազատվեին, ու իրենց կյանքում ինչ-որ մի դրական փոփոխություն, այնուամենայնիվ, լիներ:

Հ.Գ. Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, երեկվա դրությամբ շարունակում էր որպես վկա անցնել մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի գործով: Հիշեցնենք, նշված օրը Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Տիգրան Խաչատրյանը եւ նրա` մոտ երեսուն ընկերները ծեծի էին ենթարկել եղբայրներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին, որոնք հետագայում ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հարությունը կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առջեւ:

Վահագն Հովակիմյան




Լրահոս