Երեկ խորհրդարանում շարունակվեց քննարկվել Կոտայքի մարզում աղբահանության համար ՎԶԵԲ-ի հետ կնքված վարկային համաձայնագրի հարցը, որը ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամներին «ստիպել» էր ելույթներ նախապատրաստել ու քննադատել նախագիծը: Խմբակցության բոլոր անդամները մեկիկ-մեկիկ ելույթ ունեցան ԱԺ ամբիոնից՝ գրեթե նույն բովանդակությամբ ու առոգանությամբ քննադատելով վարկով աղբահանություն անելու մտադրությունը:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում էր 2014 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության եւ «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ի միջեւ ստորագրված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով հայկական կողմին տրամադրվելու է 3.5 մլն դոլար: «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ը նույնքան էլ դրամաշնորհ է տրամադրելու. ընդհանուր ծրագրի արժեքը 7 մլն դոլար է:
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ ԱԺ ամբիոնից ինչքան հնարավոր էր՝ դժգոհեց աղբահանության որակից. «Ինչքան էլ ուզում է համայնքներում այս ծրագիրն իրականացնենք, մայրուղիների շրջակայքում գտնվող աղբանոցները մենք ի՞նչ պետք է անենք, որ մեքենաներից շպրտում են ինչ ասես: Օրինակ՝ Կոտայքի մարզում, երբ գնում ենք Սեւան, «Չայնիի» ոլորաններում այն աղջկա արձանը աղբավայր է դարձել: Կիսով չափ մերկացրել են, ձեռքն են հանել նույնիսկ: Այս ծրագրով հնարավոր չի՞ մայրուղիների հարցն էլ լուծել»:
Ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, որը, պարզվեց, դժգոհ է Երեւանի աղբահանությունից. «Երեխաները աղբավայրերի մոտ խաղում են, կենդանիների հետ են շփվում, անընդհատ այդ վիրուսը տարածվում է մեր ընտանիքներում: Պատուհանները բաց են, գիտեք՝ այդ հայտնի ճանճերն ինչպես են ներխուժում տուն եւ այդ վարակը տարածում մեր ընտանիքները: Եկեք մտածենք՝ այս գումարը, որ վերցնում ենք, գոնե մի քիչ օգուտ տալո՞ւ ենք ամենալուրջ խնդրին, մանավանդ, երբ կա արտագաղթ»: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարին անհանգստացնում էր հատկապես Սովետաշենի աղբանոցի խնդիրը. «Խոսեք, տեսեք՝ ինչպես են ամեն օր այդ փողոցում անցնում մարդիկ: Կուզենայի, որ այս վարկային ծրագրի տակ լիներ առաջնահերթություն, արդյոք մենք առաջնահերթությա՞մբ ենք առաջնորդվում»: Նույն հարցի հետ կապված ելույթ ունեցավ նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը: Բանն այնտեղ հասավ, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե անհասկանալի է ՕԵԿ-ի դիրքորոշումը, քանի որ պատգամավորները հարցի հետ կապված տարբեր տեսակետներ հայտնեցին:
«Ժողովուրդ»-ը աղբահանության համար վարկ ու դրամաշնորհ ստանալու թեմայի շուրջ զրուցեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ: Ի դեպ, հենց նա էր հարցը ներկայացնում խորհրդարանում:
-Պարո՛ն Տերտերյան, կարծես թե խորհրդարանական ընդդիմությունը դեմ է այն համաձայնագրին, որը Դուք ներկայացրիք օրենսդիրներին: Տարբեր պատճառաբանություններ նշվեցին, ըստ որոնց՝ պետք չէ վարկ վերցնել՝ աղբահանության նման անշնորհակալ ծրագիր իրականացնելու համար: Ինչո՞ւ նման կերպ արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները:
-Ընդհանուր մտահոգություն են փորձում արտահայտել՝ վարկ, վարկի տեսակարար կշիռ, արտաքին պարտք ու այս կարգի հայտարարություններ: Իհարկե, վերահսկողության անհանգստություն կա, հետեւողական լինելու անհանգստություն կա, բայց մենք այդ ամենը գիտակցում ենք, եթե նման քայլի ենք գնում: Ինչպես կարելի է հայտարարել՝ արդյոք այսօր աղբահանությունը առաջնահերթություն է, թե՞ չէ, իհարկե, առաջնահերթություն է: Իհարկե, պետք է նայել, թե աղբահանությունից առաջ միգուցե էլի ուրիշ շատ հրատապ խնդիրներ կան, բայց հնարավորությունները թիրախավորված են: Հիմա այս բանկի հետ հնարավորություն է ընձեռնվել աղբահանության ծրագիր իրականացնելու, չեմ կարծում, որ որեւէ մեկը կասի, թե մեր երկրում աղբահանության խնդիր չկա, հիմա մենք փորձում ենք այս հնարավորությունը իրացնել, հատկապես փորձում ենք իրացնել մարզում, հատկապես փորձում ենք իրացնել համայնքներում: Առաջին անգամ միջհամայնքային համագործակցություն է տեղի ունենում, սա նոր ինստիտուտ է: Ելույթներում հայտարարում են, թե եթե այդ համայնքներում վարկը հետ չտան, ի՞նչ կլինի, ոչ մի բան չի լինի: Իսկ եթե պետությունը որեւէ վարկ հետ չտա, ի՞նչ կլինի… Մենք կհետեւենք, որ վերադարձնեն, մի պատգամավոր հայտարարեց՝ պետությունով անենք, տանք համայնքին, բայց ի՞նչ տարբերություն: Չի կարելի թացն ու չորը խառնել իրար, իհարկե, պետք է անհանգստանալ, որպեսզի թիրախավորված ծախսվեն, օբյեկտիվ ծախսվեն, չփոշիանան, այս ամեն ինչը հասկանալի է, բայց թացն ու չորը չի կարելի իրար հետ խառնել:
-Պատգամավորները հայտարարեցին, որ իշխանություններին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ նման վարկերը մնալու են հաջորդ սերունդների ուսերին:
-Գիտեք ինչ, ընդհանրապես վարկ վերցնելը ինքը, որպես երեւույթ, չի կարելի ասել լավ կամ վատ: Իհարկե, կարելի է վարկ վերցնել՝ շատ արդյունավետ ծախսելու, իսկապես, կարելի է վարկ վերցնել աննպատակ, տանել, կորցնել, հետո ասել, թե ծանրացրել են սերունդների վրա: Իսկ ինչու է պետք մտածել, որ հենց այս դեպքում լինելու է այդպես, այս դեպքում հատկապես այդպես չի լինելու, որովհետեւ 7 միլիոնը դառնալու է աղբավայր ու աղբատար մեքենա:
-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞նն են լինելու քվեարկության արդյունքները:
-Ակնհայտորեն պետք է անցնի օրինագիծը, քանի որ սա շատ լավ բան է: Սրանով մենք աղբահանության հարցն ենք լուծելու:
ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ԲԱՄՓԵ՞Լ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ, ԹԵ՞ ՈՉ
Երեկ խորհրդարանում ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պարզել՝ արդյո՞ք սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հանձնարարությունները կատարվել են, թե ոչ: Մասնավորապես ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարկային պարտավորություններից խուսափո՞ւմ է, պե՞տք է նրան «հարկ եղած դեպքում բամփել», թե՞ ոչ:
Նախ՝ Փաշինյանը դահլիճում հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին»: «Ես օրենսդրությունն ուսումնասիրել եմ, եւ պարզել, որ վարչապետի լիազորությունների մեջ բամփել չկա»,- բացահայտեց պատգամավորը, որին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժպիտով արձագանքեց՝ մի կերպ ծիծաղը զսպելով ամբիոն բարձրանալով: «Վերջերս՝ մեկ շաբաթ առաջ, այդ հարցի պատասխանն ակնկալելով՝ ֆինանսների նախարարն ինձ խոստացել է մինչեւ մայիսի վերջ, հունիսի սկիզբ վերջնական տեղեկանք ներկայացնել արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունը եղել է կուսակցական խոսակցություն, եւ դա վերաբերել է բոլոր գործարարներին, ովքեր հարկեր չեն վճարում: Իմ հորդորը շատ ճիշտ է եղել, եւ 25-30 մլրդ ստվերից եկամուտներ են ապահովվել պետական բյուջե»,- արդարացավ վարչապետը: Այստեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ս. Սարգսյանի հայտարարությունը վերաբերել է կոնկրետ անձի:
«Մենք որեւէ մեկին ահաբեկելու ցանկություն չենք ունեցել, եւ բոլոր այն հարցերը, որ վերաբերել են Գագիկ Ծառուկյանին, առընթեր կառույցները եւ ֆինանսների նախարարությունը հանձնարարությունների, ստուգումների արդյունքը կհրապարակի: Մենք պետք է լինենք թափանցիկ, անկեղծ, եւ հանրությունը սպասում է այդ ստուգումների արդյունքներին: Մենք թաքցնելու որեւէ բան չունենք»,-կրկին վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը:
Մեզ մնում է սպասել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ
Երեկ տեղեկություններ ստացվեցին, որ Աբովյան քաղաքի «Աբովյան» հեռուստաընկերության հեռարձակումը կաբելային կապով անջատվել է, եւ աբովյանցիները հնարավորություն չեն ունեցել դիտելու հեռուստաընկերության հաղորդումները: Հիշեցնենք, որ նշված հեռուստաընկերությունը պատկանում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանից փորձեցինք պարզել «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային հեռարձակումը անջատելու պատճառները: Գ. Բունիաթյանն ասաց, որ իրենց գործառույթը նշված հեռուստաընկերության եթերի ապահովումն է, եւ այդ հարցում որեւէ խնդիր չկա: Իսկ կաբելային կապով տարածման հետ կապված խնդիրների լինել-չլինելու հարցը կպարզեն: Այն, որ Հայաստանում առանց վարանելու կարելի է ցանկացած հեռուստաընկերություն եթերից զրկել, վաղուց հայտնի փաստ է, բայց դա հնարավոր է միայն ամենաբարձր մակարդակում կայացված որոշման հիման վրա: Բայց, ինչպես տեսնում ենք, այդ մեթոդը սկսել են նաեւ մարզային մակարդակով, տարածքային իշխանիկների միջեւ ընթացող մարտերում կիրառվել: Այլ կերպ ասած՝ ինչպես կարողանում, պայքարում են: Մնում է՝ վաղն էլ մեկը մյուսի հոսանքի լարը կտրեն ու գողանան:
ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է
Ինչպես հայտնի է՝ Արտաշատում հունիսի 7-ին քաղաքապետի ընտրություններ պետք է տեղի ունենան, բայց գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը դրանց չի մասնակցում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչեւ թեկնածուների առաջադրումների սկսվելը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մոտ է կանչել Արտաշատի գործող քաղաքապետին եւ նրան հրահանգել չառաջադրել իր թեկնածությունը: Վարչապետի այդ «պահանջը» Մուրադյանին խիստ նեղացրել է, եւ նա սկսել է իր մտերիմների շրջանում խոսել Հայաստանից արտագաղթելու մասին: Նա ասել է, որ ընտրություններից եւ իր լիազորությունների ավարտից հետո ինքը կհեռանա Հայաստանից, ենթադրվում է, որ եվրոպական որեւէ երկիր կգնա: Նա կարող է եվրոպական երկրներից մեկում որպես քաղհալածյալ հանձնվել եւ ապաստան խնդրել: Կարող է ասել, որ ինքը ՀՀԿ-ի համար անթիվ-անհամար ընտրություններ է կեղծել, բայց իր հետ նման դաժան ձեւով վարվեցին, եւ ինքն այլեւս ընդդիմություն է եւ մի լավ ու հարմարավետ ապաստան է ուզում:
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Հայաստանի պաշտոնական վիճակագրությամբ գործազրկության մակարդակը 2014 թվականին կազմել է 17.6 տոկոս: Նախորդ՝ 2013-ին այն եղել է 16.2 տոկոս: Այսինքն՝ մեկ տարում գործազրկությունը, նույնիսկ պաշտոնական թվերով, 1.4 տոկոսով աճել է: Այն փաստը, որ իշխանությունները չեն կարողանում թաքցնել գործազրկության աճը, վկայում է, որ իրավիճակն ավելի ողբերգական է, քան ենթադրվում է: