Հայաստանում Եվրոպայի օրվա, ինչպես նաեւ Լիտվայում գրականության ամենահայտնի` «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում մայիսի 22-ին Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Լիտվայի Պոեզիայի երեկո, որի ընթացքում հնչեց լիտվական պոեզիա, այն քննարկվեց լիտվացի բանաստեղծների հետ:
Ներկաներին հնարավորություն ընձեռվեց հանդիպելու լիտվացի երեք բանաստեղծների` Անտանաս Ա. Յոնինասի, Լյուտաուռաս Դեգեզիսի, Գիտաս Նոռվիլասի հետ, լսելու նրանց բանաստեղծությունները լիտվերենով, ռուսերենով եւ անգլերենով:
Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ շատ է կարեւորում նման միջոցառումների դերը. «Այս հանդիպման հիմնական նպատակը մշակույթների, գրականությունների, ծանոթությունն է, կապերի սերտացումը: Մենք փորձում ենք փոխադարձ ներկայացնել մեր ժողովուրդներին, մենք պետք է նաեւ նրանց ծանոթացնենք մեր պոեզիային, եւ, առհասարակ, պոետական այս գարունը մարդկանց պետք է տանի դեպի պոեզիան»,-ասաց նա:
Ներկաները փաստեցին, որ լիտվական պոեզիան, ինչ խոսք, ինքնատիպ է եւ ուժեղ, լիտվացիներն էլ այդպիսին են` կամային են ու զորեղ: Միջոցառմանը ներկա բանաստեղծներից ոմանք նկատեցին, որ ալիտերացիոն իմաստով լիտվական պոեզիան բավական ուժեղ է:
Նշենք, որ «Պոեզիայի գարունը» հանդիսանում է պոեզիայի ամենահին փառատոնը Լիտվայում: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1965 թվականին` Լիտվայի գրողների միության կողմից, եւ, պահպանելով ավանդույթը, անցկացվում է ամեն տարի մայիսյան վերջին շաբաթին:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Աննա Բաբաջանյան, Տիգրան Սարգսյան