ՈԼՈՐՏԻ ՏԵՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում կրկին անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին` նշելով. «Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում»: Որ չի բավարարում` լավ է, բայց որ  Հայաստանում կա  կոռուպցիայի ոլորտ, այ դա արդեն նորություն էր:  Ավելին,  պարզվում է` այն փաստը, որ Հայաստանում կա կոռուպցիայի ոլորտ, նորմալ է, կառավարությանը չի բավարարում ընդամենն այդ ոլորտում տիրող իրավիճակը: Արդյո՞ք սա պարզապես լեզվի սայթաքում է` կապված ոլորտ բառի հանդեպ Տիգրան Սարգսյանի ունեցած կոմպլեքսի հետ, թե՞ խոստովանություն` դժվար է ասել: Սակայն երեկվա նիստից պարզ է դարձել, որ առաջիկայում ականատես ենք լինելու «կոռուպցիայի ոլորտի» առողջացմանն ուղղված  նախընտրական միջոցառումների շարանի: «Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք  այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի եւ տեսանելի»,-ասել է վարչապետը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ եվրոպական ամբիոններից հայտարարում էր, որ Հայաստանը մերժում է կոռուպցիայի դեմ պայքարի ռեվոլյուցիոն մեթոդները, որոնք կիրառվեցին Վրաստանում, եւ նախընտրում է այդ ուղղությամբ բարեփոխումների էվոլյուցիոն ճանապարհը, որը միտված է ավելի հաստատուն եւ երկարաժամկետ ազդեցության: Իսկ հիմա փաստորեն ստացվում է, որ «կոռուպցիայի ոլորտում» վարչապետի իրականացրած էվոլյուցիայի ձախողումը տեսանելի է անգամ երկրի նախագահի համար, որը Տ. Սարգսյանից վիրահատական միջամտություններ է ակնկալում: Երեկվա նիստում վարչապետը, իհարկե, որեւէ կերպ չի պարզաբանել, թե այդ ինչպես եւ ում մեղքով չաշխատեց իր որդեգրած` բարեփոխումների իրականացման էվոլյուցիոն կուրսը, փոխարենը նա հայտարարել է, որ այսօր հրավիրել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի  նիստ` առաջարկելով դրան մասնակցել նաեւ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչներին: Թե ինչ կտա այդ նիստը, դժվար է ասել, սակայն այն փաստը, որ այդ խորհուրդը տեւական անգործությունից հետո վերջապես գոնե կսկսի աշխատել, վատ չէ: Ի դեպ, կառավարության, ԱԺ-ի եւ նախագահի լրատվական ծառայություններում մինչեւ վերջերս տեղյակ չէին, թե ԱԺ խմբակցություններից ովքեր են ընդգրկված հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում. այն պարզ պատճառով, որ այդ հանձնաժողովը վերջին կես տարում պարզապես չի աշխատել: Մինչդեռ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հենց այդ հանձնաժողովի կատարած աշխատանքի հիման վրա պետք է իր քայլերը կատարեր: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի 2004թ. հրամանագրով խորհրդի կազմում են վարչապետը, ԱԺ փոխնախագահը, գլխավոր դատախազը, ՎՊ եւ ԿԲ նախագահները, արդարադատության նախարարը, նախագահի վերահսկողական ծառայության պետն ու օգնականը: Մի խոսքով` «կոռուպցիայի ոլորտի» հիմնական դերակատարները:




Լրահոս