ՄԻՊ դիմումը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Արդարադատության նախարարությունից մերժվել է: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, հոկտեմբեր ամսին “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գրիգոր Գրիգորյանի կինը ՄԻ պաշտպանին դիմում է ներկայացրել՝ խնդրելով Պաշտպանին միջնորդել իր ամուսնուն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցում, քանի որ ըստ նրա՝ քրեակատարողական հիմնարկում Գրիգորյանը համապատասխան բուժում չի ստանում:
“Դատապարտյալի խնդրի կապակցությամբ Պաշտպանը դիմել էր Արդարադատության նախարարություն, որտեղից ի պատասխան՝ հայտնել էին, որ դատապարտյալի բուժումը կկազմակերպվի “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկի պայմաններում”,- տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Միաժամանակ նշում են, որ դատապարտյալի առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով նոյեմբերի 5-ին Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հանդիպել են “Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկում գտնվող Գրիգոր Գրիգորյանին, որի հետ զրույցի ընթացքում դատապարտյալը հայտնել է, որ թե “Վարդաշենում” և թե “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ներում բժիշկները չունեն համապատասխան մասնագիտացում իր հիվանդությունները բուժելու համար:
Նշվում է, որ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները պարզել էին նաև, որ Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցել “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում, սակայն այնտեղ հիվանդության վերջնական ախտորոշում այդպես էլ չի որոշվել: Նրա առողջական ծանր վիճակը հաստատել է նաև քրեակատարողական հիմնարկի բժշկուհին և տեղեկացրել, որ դատապարտյալին անհապաղ անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:
Նշվում է, որ դատապարտյալ Գրիգոր Գրիգորյանի խնդրի կապակցությամբ Պաշտպանը պատրաստվում է կրկին դիմել Արդարադատության նախարարին:




Լրահոս