«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ը ԲԱՐԵԽԻՂՃ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկատվական վեճերի խորհուրդը  ներկայացրել է իր եզրակացությունը Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի հայցի վերաբերյալ, որի շրջանակներում ԲՀԿ-ական Պողոսյանը «Ժողովուրդ»-ից 2,5 մլն դրամ էր պահանջում: Խորհուրդը եզրակացրել է, որ «Ժողովուրդ»-ը,  բարեխղճորեն պահպանելով էթիկայի կանոնները, ներկայացրել է Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերը: Եզրակացության մեջ նշվում է, որ դատարանը փոխհատուցման չափը նշանակելիս հաշվի է առել. «Հայցվորի` որպես գործադիր իշխանության ներկայացուցչի հասարակական դիրքը»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը 2011թ. հոկտեմբերի 7-ի համարում հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցին անցկացնելու համար: Այս հրապարակումից մարզպետը վիրավորվել էր: Պողոսյանը «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2,5 մլն դրամ` իրեն զրպարտելու եւ վիրավորելու դիմաց, իսկ «Ժողովուրդ» օրաթերթը հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն էր պահանջում եւ սիմվոլիկ` մեկ լումայի փոխհատուցում:
Սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը, «հալած յուղի տեղ ընդունելով» մարզպետի հավաստիացումները, թե ինքը հանրային դեմք է, եւ թերթն իրավունք չուներ իր մասին որեւէ բան գրել, վճռեց «Ժողովուրդ»-ին տուգանել 200 հազար դրամով (100 հազարը՝ փաստաբանական ծախսերի, 100 հազարը՝ Պողոսյանի արժանապատվության համար): Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւս   անփոփոխ թողեց Թամրազյանի կայացրած վճիռը: Ուստի «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:
Տեղեկատվական վեճերի խորհուրդն իր եզրակացության մեջ նշում է, որ սույն գործի հանգամանքների ներքո օրաթերթը տեղեկատվության բարեխիղճ վերարտադրող է եւ հետեւաբար, պետք է օգտվեր «fair comment» (բարեխիղճ հրապարակում) պաշտպանությունից. «Օրաթերթը բառացիորեն վերարտադրել է տեղեկատվության աղբյուրի՝ ուսուցիչ Աննա Թորոսյանի հետ հարցազրույցի տեքստը: Սա հաստատվել է նաեւ վերջինիս կողմից դատարանում որպես վկա տված ցուցմունքով: Աննա Թորոսյանը ֆիզիկական անձ է, որը տեղեկատվության «հեղինակն» է՝ ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի: Հետեւաբար, նշված անձը տեղեկատվության պատշաճ աղբյուր է»:
Այնուհետեւ եզրակացությունում նշվում է, թե սահմանված է նաեւ, որ տեղեկատվությունը բառացի կամ բարեխիղճ ներկայացնելու օրենսդրի պահանջը նպատակ է հետապնդում ապահովել բացահայտված աղբյուրում տեղ գտած տեղեկատվության բառացի շարադրանքը կամ հրապարակել այն այնպես, որ չփոխվի ինչպես ամբողջական իմաստը, այնպես էլ կոնկրետ փաստերի վերաբերյալ առկա տեղեկատվությունը. «Ինչպես արդեն նշվեց, Աննա Թորոսյանը հաստատել է դատարանում, որ լրագրողը բառացիորեն է ներկայացրել իր հայտարարությունը: Ավելին, դատական քննության ընթացքում կողմերը լսել են նաեւ լրագրողի կողմից վերցված հարցազրույցի ձայնագրությունը, եւ այդ առումով որեւէ առարկություն չի արվել»:
Ըստ խորհրդի՝ նշված հոդվածը հրապարակելիս լրագրողը միջոցներ է ձեռնարկել իր անձը տեղեկատվության հեղինակից բավարար չափով տարանջատելու համար, որպեսզի յուրաքանչյուր օբյեկտիվ ընթերցողի մոտ կասկած չմնա, որ վիճահարույց հայտարարությունների հեղինակը լրագրողը չէ. «Նշված հանգամանքները խորհրդի համար համոզիչ են՝  եզրահանգելու համար, որ օրաթերթը բարեխղճորեն վերարտադրել է պատշաճ աղբյուրից ստացված տեղեկատվությունը՝ 1087.1 հոդվածի 6-րդ մասի ներքո»:
Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել նաեւ այն կապակցությամբ, որ ո՛չ առաջին ատյանի դատարանը, ո՛չ էլ վերաքննիչ դատարանը վերը նշվածը դատական ստուգման առարկա չեն դարձրել: «Դատարաններն ընդհանրապես չեն անդրադարձել բարեխիղճ հրապարակում պաշտպանությանը, այլ միայն բավարարվել են վերացական կերպով եզրահանգելով, որ հետագայում պարզվել է, թե տարածված տեղեկատվությունը կեղծ է: Մինչդեռ բարեխիղճ հրապարակում պաշտպանությունը թույլ է տալիս լրագրողին նույնիսկ սխալվել, եթե նա գործել է բարեխղճությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն տարածելիս: Նշված երկու հանգամանքները դատական ստուգման առարկա չեն դարձել դատարանների կողմից: Մտահոգություն ենք հայտնում նաեւ այն փաստի կապակցությամբ, որ փոխհատուցման չափը նշանակելիս դատարանը հաշվի է առել հայցվորի` որպես գործադիր իշխանության ներկայացուցչի հասարակական դիրքը»,-ասված է եզրակացության մեջ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս