Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Գագիկ Ծառուկյանը որևէ կերպ չի խառնվում: Այս մասին Ազգային ժողովում Armlur.am-ի հարցին՝ ինչքանո՞վ է Գագիկ Ծառուկյանը խառնվում Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ի պատասխան ասաց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
«Դուք մոռանում եք, որ պարոն Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվում»,- ասաց Կարապետ Գուլոյանը: Լրագրողի դիտարկմանը, թե Ծառուկյանն իրավունք չունի քաղաքականությամբ չզբաղվել, քանի որ ԱԺ պատգամավոր է, Կ. Գուլոյանն ասաց. «Իր սահմանադրական իրավունքն է՝ որոշել ինչով զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ»:
Գուլոյանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է սատարել Արտաշատի ընտրություններում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի թեկնածությանը. «Արգամ Աբրահամյանը նրա փեսան է և հետո, ինչո՞վ պետք է օգնի: Կամ եթե օգնում է, ի՞նչ վատ բան կա դրանում»:
Կարապետ Գուլոյանը նշեց, որ ինքը դեռևս ծանոթանում է Կոտայքի մարզի տարբեր համայնքների խնդիրներին: