Ովքեր են ամենաունևոր ու «չունևոր» մարզպետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաները հիմնականում ունեւոր մարդիկ են: Ընդ որում, նրանց զգալի մասը իր ունեցվածքը ձեռք է բերել պաշտոնի նշանակվելուց հետո, եւ ինքնին հասկանալի է՝ ոչ աշխատավարձի հաշվին: «Ժողովուրդ»-ն այս անգամ փորձել է պարզել, թե Հայաստանի մարզպետներից ով է ամենաունեւորը եւ ով՝ «ամենաչունեւորը»:

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած մարզպետների հայտարարագրերը` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ամենաունեւորը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն է: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է 2015 թվականին: Գուլոյանը պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրում նշել է մեկ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, մեկ բնակարան էլ բազմաբնակարան բնակելի շենքում: Գուլոյանն ունի պատկառելի դրամական միջոցներ` 1 միլիարդ 344 մլն 950 հազար դրամ եւ 81 հազար 500 դոլար:

Եկամտի չափը, որը գոյացել է աշխատավարձից, կազմել է 534 հազար 969 դրամ: Սա՝ պաշտոնը ստանձնելիս: Նույն թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրում Գուլոյանի դրամական միջոցներից պակասել է 81 հազար 500 դոլարը, փոխարենն ավելացել է փոխառությունը` վարկը, որը հարկային տարվա վերջում կազմել է 700 հազար դոլար:

Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: Գուլոյանի կինը` Ռոզա Ծառուկյանը եւս բավականին լուրջ կարողության տեր է: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի` Ռոզա Ծառուկյանը 2015 թվականին ձեռք է բերել հողամաս` 4 մլն արժողությամբ, իսկ նրա ունեցած կանխիկ գումարը կազմել է 17 մլն դրամ, 44 հազար դոլար:

Ի տարբերություն «ամենաբարգավաճ» Կոտայքի մարզպետի՝ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ըստ հայտարարագրի, բավականին համեստ ունեցվածքի տեր է: Վերջինս այդ պաշտոնը ստանձնել է 2014 թվականին:

Ըստ պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրի` Սարգսյանն ունի 3 հողամաս, 1 անհատական բնակելի տուն եւ ավտոտնակ: Որպես շարժական գույք մարզպետի հայտարարագրածը «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի ավտոմեքենան է: Սա, իհարկե, քիչ չէ, բայց ի տարբերություն գործընկերների՝ Սարգսյանը թանկարժեք գույք, դրամական միջոցներ, արժեթղթեր չի հայտարարագրել: Մարզպետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա տարեկան եկամուտը կազմել է 2 մլն դրամ՝ աշխատավարձից:

Անշուշտ, ներկայացվածն արտացոլում է մեր պաշտոնյաների ունեցվածքի «այսբերգի» տեսանելի մասը միայն: Իսկ թե ինչպիսի չափերի եւ քանի զրոներով թվերի են հասնում չերեւացող մասերը, հուսանք՝ մի օր հանրությունը կտեղեկանա: Եթե, իհարկե, ապօրինի հարստացման քրեականացումը իրականություն դառնա:

Վահագն Հակոբյան




Լրահոս