ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբորտ Նազարյանին գրություն է ուղարկել, որում ներկայացված են մի շարք կարևոր հարցադրումներ էլեկտրաներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Օմբուդսմենը:
Վերջինիս տեղեկացմամբ` Նազարյանին հարց է ուղղվել, թե հանրային քննարկումներն ի՞նչ ֆորմատով են լինելու, ովքեր են լինելու շահագրգիռ կողմերը, և սպասում է պատասխանի:
Անդրեասյանը նշեց, միայն գործընթացները տեսնելուց և համոզվելուց հետո, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով կանդրադառնան դրանց բովանդակային մասին, չնայած առանձին հարցեր արդեն ուղղվել են:
Հարցին, թե կա՞ արդյոք մարդու իրավունքների խախտման հարց, երբ պետք է ուրիշի սխալների համար վճարել, Մարդու իրավուքների պաշտպանն ասաց. «Եթե հիմնավորվի, որ ինչ-ինչ մարդկանց ճոխությունների պատճառով է բարձրացվում հոսանքի սակագինը, ապա, իհարկե, կլինի մարդու իրավունքների խախտում»: