ՀՈԳԵՎՈՐ ՁԱՅՆԸ ԼՍԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի երեկվա նիստում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին: Աշոտյանը շնորհակալություն է հայտնել  ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝ ԵՊԲՀ կառավարումը նախորդ 4 ամիսներին բնականոն կազմակերպելու համար:
Այսպիսով՝ վերջապես Բժշկական համալսարանը ռեկտոր ունեցավ: Դերենիկ Դումանյանի՝ ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու օրվանից այդ աթոռն ընդամենը ժամանակավոր էր զբաղեցված: Ու տրամաբանությունը հուշում էր, որ գոնե կրթության բնագավառում հատկապես տխրահռչակ Գոհար Քյալյանի պաշտոնանկությունից հետո պետք է պաշտոնի նշանակելիս առաջնորդվեն ոչ թե ծանոթ-բարեկամի սկզբունքով կամ ազդեցիկ զանգերից դրդված, այլ պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով: Բայց տվյալ դեպքում, ըստ երեւույթին, «հոգեւոր ձայնն» է ուղղորդել նախարարին՝ կատարելու համալսարանի համար ոչ այդքան ընդունելի թեկնածուի նշանակումը: Բանն այն է, որ ըստ տարածված լուրերի՝ Նարիմանյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական բժիշկն է: Դա արդեն լուրջ առավելություն է, որպեսզի Նարիմանյանը ստանձնի բժիշկներին կրթելու դժվարին ու պատասխանատու գործը:
Կարծում ենք՝ նաեւ սա է պատճառը, որ չնայած նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը՝ Հայաստանում բժշկությունը շարունակում է մնալ նույն մակարդակի վրա, եւ որեւէ լուրջ հիվանդություն բուժելու համար մարդիկ ստիպված են լինում արտերկիր մեկնել: Ընդ որում, շատ հաճախ բժիշկներն իրենք են խորհուրդ տալիս գնալ ու փրկվել:
Ինչեւէ, գուցե պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը իրականում արժանի էր նշանակվելու այդ պաշտոնում, պարզապես հետեւելով ողջ կյանքը տարբեր կարգավիճակներով պրոռեկտոր աշխատած նրա գործունեության տարիներին՝ դժվար է գտնել մի դրվագ, որտեղ նա երբեւէ ասել է ինքնուրույն խոսք կամ հակադրվել ղեկավարին (օրենքի շրջանակներում): Ի վերջո, նույն Նարիմանյանը եղել է Գոհար Քյալյանի ենթական, երբ ողջ Բժշկական համալսարանն ուղղակի «գերի էր աշխատում»: Հետեւաբար, նա գտնված կադր է՝ նաեւ քաղաքական իմաստով:
Եւ այս նշանակմամբ Հանրապետական կուսակցությունը հերթական անգամ ապացուցեց, որ իրենց համար կարեւորը ոչ թե կրթության որակն է, այլ հավատարմությունը գործող ռեժիմին եւ պաշտոնյաների կարողությունները նախընտրական ժամանակահատվածում ձայն բերելիս: Ու որպեսզի տգեղ չստացվեր, թե Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանն անձամբ է առողջապահության ոլորտից ձայներ ապահովում, դրա համար ընտրվեց առավել «անշառ» տարբերակ: Ռեկտորը պրոֆեսոր է, որը լավ է սերտել նաեւ ռեժիմի բոլոր «դասերը»:




Լրահոս