ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, բավական բարձր գնահատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները, ձգտում է առաջիկա նախագահական ընտրություններում մյուս քաղաքական ուժերին համախմբել: Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվում է դեկտեմբերի 15-ի նախատեսված համագումարից հետո հստակեցնել իր անելիքները:
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Կոնգրեսն իր ողջ թիմով անում է հնարավորը համապատասխան կոնսոլիդացիոն քաղաքական դաշտ ստեղծելու համար: Իսկ համախմբումն ու իշխանափոխությունը, ըստ նրա, միակ ճանապարհն են այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը համարվող աղետալի արտագաղթը կանգնեցնելու համար:
«Մենք ունենք հզոր թեկնածու, որը նշածս մարտահրավերների դեմը կարող է առնել, եւ հիմա մեր ամբողջ թիմով ուզում ենք ստեղծել հնարավորինս այն դաշտը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ինչպես նաեւ քաղաքական մնացած ուժերի հետ Աստծո հաջողությամբ գա այն եզրակացության, որ ինքն առաջադրվի,-ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ հավելելով,-մեր ողջ էներգիան ուղղված է դրան, որ լինի նպաստավոր վիճակ եւ կոնսոլիդացիոն հնարավոր միջավայր դրա համար»: Մանուկյանի ընդգծմամբ` եթե դա չլինի, ապա ցանկացած տարբերակ կարելի է քննարկել ե՛ւ ՀԱԿ-ի ներսում, ե՛ւ ՀԱԿ-ից դուրս, ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ չեզոք դաշտում, սակայն, ինչպես վստահեցնում է ՀԱԿ քարտուղարը, դա կլինի միայն այն դեպքում, երբ իրենց թեկնածուն չի հայտարարի առաջադրվելու մասին:
Երեկ ասուլիս էր հրավիրել նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա կարծիքով էլ նախագահական ընտրություններից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան:
«Այդ ժամանակ ձեր սիրելի դեմքերը` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, կվերադառնան խորհրդարան: «Ժառանգություն»-ը կունենա նաեւ իր առաջարկը՝ հասարակությանն ուղղված` վարչապետի եւ կառավարական նոր կազմի շուրջ, եւ այնտեղ կտեսնեք ոչ միայն սիրելի դարձած պատգամավորներին, այլեւ կուսակցության այլ ներկայացուցիչների»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ քաղաքացիական հասարակությանն արթնացնելու համար պատրաստ է անել այն, ինչ արել է վերջին քսան տարիների ընթացքում՝ ներկա կլինի հրապարակում տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնությունների հետ:
Նա նաեւ նշեց, որ վիրավորված չէ եւ լավագույնն է մաղթում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը: Հավելենք, որ «Ժառանգություն»-ը դեկտեմբերի 15-ին համագումար կանի եւ կորոշի, թե ինչ է անելու ընտրությունների ժամանակ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս