ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր մեկնարկել է նոր` «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք:
Կարինե Հարությունյանը նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին` Եվրախորհրդին և Եվրոպական միությունը: «Շնորհակալություն եմ հայտնում Եվրախորհրդին՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նվիրվածության և ժողովրդավարության սկզբունքների պահպանման, ինչպես նաև այն փաստի համար, որ մեր գործընկերները ուշադրություն են դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին»,-նշել է Կարինե Հարությունյանը` ընդգծելով, որ այդ առթիվ ուսումնասիրել է կոռուպցիոն դրսևորումների ռիսկը տարբեր երկրներում՝ հղում անելով հատկապես Transparency International միջազգային կազմակերպության տվյալներին:
«Կոռուպցիայի տեսանկյունից Հայաստանում վիճակը դանդաղ բարելավվում է: Մեր երկրում կոռուպցիայի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, և կարևոր է, որ մեծ առաջընթաց կա կոռուպցիայի նվազեցման գործում»,-նշել է նախարարի տեղակալը՝ ևս մեկ անգամ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը: Անդրադառնալով ծրագրին` Կարինե Հարությունյանը շեշտել է, որ այն կնպաստի բարձրագույն կրթության ոլորտում երեք խնդրի լուծմանը` հավասարություն, մատչելիություն և որակ:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան կարևորել է ծրագրի մեկնարկը: «Հույս ունեմ, որ ծրագիրը կբարելավի բարեխիղճ կառավարումը կրթության ոլորտում, կամրապնդի բարեվարքությունը: Կրթությունը բարելավելու միջոցներից է նաև գիտական շրջանակների բարեվարքության ամրապնդումը: Կոռուպցիայի նվազեցումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում դժվար է, և ԵՄ-ն կաջակցի, որ Հայաստանում այն նվազի»,- նշել է Տրայան Հրիսթեան` հույս հայտնելով, որ ծրագիրը կրթության ոլորտում արդյունավետ կլինի:
ԵԽ, ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային և երկկողմ համագործակցության բաժնի ղեկավար Կատյա Դոլգովա-Դրեյերն իր հերթին նշել է, որ Երևանը վերջին երկու շաբաթվա ընթացքում դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կիզակետը: «Բոլոր ճանապարհները տանում են Երևան”,-նշել է ԵԽ ներկայացուցիչը`ընդգծելով, որ Հայաստանը գերազանց էր կազմակերպել մայիսի 15-16-ը Երևանում կայացած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովը:
Նշենք, որ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: 400 հազար եվրո բյուջեով ծրագրի տևողությունը 24 ամիս է: Ծրագրի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: