Փայլակ Հայրապետյանը չգիտեր, որ Տիգրան Սարգսյանն իրեն դատի է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օֆշորային սկանդալի» կիզակետում հայտնված և սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը չի մտահոգվում նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի` իրեն դատի տալու որոշումից: Armlur.am-ի հետ զրույցում գործարարը նշեց, որ ինքը երեկ է իմացել, որ նախկին վարչապետն իրեն զրպարտելու մեջ է մեղադրում և 1 մլն դրամ է պահանջում. «Ինչքան ուզում է, թող դատի տա: Ես նրան չեմ զրպարտել: Ասել եմ այն, ինչ կա իրականում: Մի ամիս առաջ դատի է տվել, ես նոր եմ իմանում: Երեկ գամ տուն, տեսնեմ նամակ է եկել»:

Armlur.am-ի հարցին` ինչպես է գնահատում  Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի այն քայլը, որ չի հետևի Տիգրան Սարգսյանի օրինակին, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց, որ դա իր համար մեծահոգություն չէ. «Օրը կգա, ամեն ինչ բոլորի համար պարզ կլինի, ամեն ինչ ջրի երես դուրս կգա»:

Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 27-ին Տիգրան Սարգսյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին shamshyan.com լրատվական կայքի միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաեւ՝ պատասխանողից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

Նշված լրատվական կայքի հրապարակման համաձայն՝ Փայլակ Հայրապետյանը կայքի լրագրողին պատմել էր, որ իր ունեցվածքը խլելու նպատակով խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009թ-ին` էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն է եղել: «23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի` Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 մլնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով` ադամանդի հումքով, իսկ 100 մլն-ի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել: Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խարդախությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում` Սիրերա Լեոն պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի»,- պատմել է Փայլակ Հայրապետյանը: Վերջինս նաեւ ասել էր, որ այն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանի բանկային հաշվին փոխանցվել է 7 միլիոն եւ 500 հազար դոլարը: Ուստի գործարարը հարց է բարձրացրել, որ ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը պետք է վերադառնա Հայաստան, պարզաբանի, թե այդ գումարները ի՞նչ է արել:

Փոխարենը Տիգրան Սարգսյանը վերադարձել է եւ Փայլակ Հայրապետյանի դեմ հայց ներկայացրել: Նախկին վարչապետն իր հայցում նշել է, որ Փայլակ Հայրապետյանի նշած գումարը ինքը չի ստացել: Ավելին՝ հայցադիմումում նշվել է, որ Տիգրան Սարգսյանը 7.5 մլն դոլար որեւէ մեկից չի ստացել, երբեւէ չի մասնակցել Հայրապետյանի կողմից նշված ոսկու գնման գործընթացին, հոդվածում նշված ծավալների ոսկի չի ստացել, ինչպես նաեւ ներկա չի եղել Փայլակ Հայրապետյանի նշած 2009թ. էկոնոմիկայի նախարարությունում Ներսես Երիցյանի հետ հանդիպմանը:




Լրահոս