Երեվանի քաղաքապետը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ–գերմանական հարաբերությունները եւ կարեւորել երկու երկրների դեսպանությունների դերը այս հարցում։
“”Քաղաքային զարգացման համագործակցությունե  ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է Գերմանիայի Համբուրգ եւ Հալլե Զալլե քաղաքների հետ։ Կարծում եմ՝ փոխգործակցության հեռանկարներ կան ինչպես համայնքային զարգացման, այնպես էլ կրթամշակութային, փորձի փոխանակման եւ շատ այլ ոլորտներում։ Ակնկալում ենք նաեւ Ձեր գործուն աջակցությունը՝ առկա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու եւ ավելի ամրապնդելու հարցում”,- նշել է Երեւանի քաղաքապետը։
Դեսպան Ռայներ Մորելը եւս ցանկություն է հայտնել համագործակցությունը տեսնել ավելի ընդգրկուն։
“Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը խոստումնալից է եւ բազմակողմ ոլորտներ է ներառում: Քաղաքների միջեւ գործընկերությունը շատ արդյունավետ ձեւաչափ է”,- նշել է Ռայներ Մորելը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել եւ ընդառաջել բոլոր այն ծրագրերին, որոնք կնպաստեն Երեւանի եւ Գերմանիայի քաղաքների միջեւ երկկողմ կապերի ընդլայնմանը։




Լրահոս