Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկ`մայիսի 27-ին տեղի ունեցած բողոքի ակցիան իր մարդաշատությամբ, թերևս, ամենամեծն էր վերջին տարիներին անցկացված բողոքի ակցիաների մեջ:
Armlur.am-ի զրուցակիցն է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
-Վաղինակ, երեկ անցկացված բողոքի ակցիայի առանձնահատկություններից մեկը, թերևս, մարդաշատությունն էր: Ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Վերջին տարիներին եղել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, սակայն դրանց մի մասը եղել է քաղաքական, մի մասը կոնկրետ ինչ-որ թեմայով առանձնացված: Բայց էլեկտրաէներգիայի թանկացումը վերաբերում է նոր ծնված երեխայից մինչև տարեցը, բոլորին: Դա էլ մարդկանց մոտ բողոքի մեծ ալիք է բարձրացնում: Երեկվա մարդաշատությունը պայմանավորում ենք նրանով, որ սա այնպիսի հարց է, որի լուծման համար պետք է բոլորը ոտքի կանգնեն: Սա դեռ սկիզբն է, սրանից ավելին դեռևս կլինի, մինչև մեր նպատակին չհասնենք` ոչ մի լումա ավել չենք վճարի:
-Այսինքն` երեկվա բողոքի ակցիայի ժամանակ միասնականությու՞ն է եղել: Բոլոր նախաձեռնությունները` «Դեմ եմ», «Մաշտոցի պուրակ», «150 դրամի ակցիա», բնապահպանական, նաիրիտցիներ և այլն, միացե՞լ են:
-Եթե անկեղծ ասեմ, ապա ես դա չեմ համարում միանսանակություն, որովհետև այդ նախաձեռնության անդամները մինչև նախաձեռնություն դառնալը հասարակ քաղաքացիներ են եղել: Շատ ողջունելի է, որ բոլոր նախաձեռնությունները պաշտոնապես հայտարարում էին միանալ մեզ, բայց բոլորս այնտեղ մասնակցում էինք որպես հասարակ քաղաքացի: Բողոքի ակցիային կային նաև պատգամավորներ, ովքեր մասնակցում էին որպես հասարակ, շարքային քաղաքացիներ, որոնց վրա ուզում են բարձրացնել հոսանքի սակագինը:
-Կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր նախաձեռնությունը քաղաքական հսկողությունից դուրս է:
-Միանշանակ, ոչ մի քաղաքական հսկողություն ոչ մի կողմից չկա: Եթե այդպես լիներ, ես կանդամակցեի ինչ-որ կուսակցության և կդառնայի կուսակցական համակարգի մարդ: Բայց ես նախընտրում եմ լինել ոչ կուսակցական և հասարակ քաղաքացի, ով ցանկացած հարցի վերաբերյալ կարող է իր կարծիքը ազատ հայտնել: Ես գտնում եմ, որ ճիշտ է լինել ակտիվ քաղաքացի, քան տրվել ինքնագովազդին և ձգտել իշխանության: Մենք նման ձգտումներ չունենք: Մենք ուզում ենք, որ լինի իրավական պետություն:
-Մյուս հանրահավաքը հայտարարել եք հունիսի 19-ին: Մինչ այդ ինչ-որ ակցիաներ լինելու՞ են:
– Հունիսի 19-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների վերջին օրն է: Մինչ այդ մենք փոքր ակցիաներով, ֆլեշմոբերով մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք և երեկվա էներգետիկան պահպանելու ենք: Նաև դա կնպաստի նրան, որ ամսի 19-ի ակցիան ավելի մարդաշատ կլինի, քան երեկվանը: Բայց եթե մինչ այդ իրենք փորձեն ժողովրդի գլխին «օյին» խաղալ, ապա մենք դրան շատ շուտ կարձագանքենք: Ընդամենը 20 օր է, այդ 20 օրվա մեջ կարելի է շատ բան անել: Մինչև հունիսի 19-ը «Ոչ թալանին» նախաձեռնությունը պարապ չի նստելու սպասի, թե իրենք ինչ են մոգոնելու մեր գլխին:
-Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե չի կարծում, որ էլեկտրաէներգիան 17 դրամով կթանկանա:
-Երվանդ Զախարյանի այս հայտարարությունն ապացուցում է մեր մտածածը, որ միգուցե ՀԷՑ-ը առաջարկի հոսանքը թանկացնել 17 դրամով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասի` ոչ, դա թալան է, այդպես չի լինում և պաշտպանի 4 կամ 5 դրամով թանկացումը: Իրենք փորձում են մանիպուլացիա անել և ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, որպեսզի բարի երևան: Բայց մենք հասկանում ենք, որ դա այդպես չէ: Մենք ոչ մի դրամ ավել չենք մուծելու: Մենք պայքարում ենք ոչ թե 17 դրամ կամ 20 դրամ թանկացման դեմ, այլ առհասարակ թանկացման: Մեր պահանջն է ոչ մի լումա ավել էլեկտրաէներգիայի համար:
Վաղինակ Շուշանյանը նաև նշեց, որ երկվա ակցիայի մասնակիցների թիվը 8000-8500 էր: Իսկ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Armlur.am-ին հրաժարվեցին փախանցել, թե իրենց տվյալներով քանի մարդ է եղել երեկվա հանրահավաքին, պատճառաբանելով, որ իրենք որևէ թիվ չեն հրապարակում:
Հարցազրույցը` Քրիստինա Աղալարյանի