Հայտնաբերվել է Վարդան Ղուկասյանի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այսօր կամովին ներկայացել է ոստիկանություն: Ինչպես հայտնի է դարձել “Փաստինֆո” գործակալությանը, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Ս. Ղուկասյանը հետախուզվում էր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործի շրջանակներում, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն և 235 հոդվածի առաջին մասով՝ Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը:
Հիշեցնենք, որ  օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող “Հրաշքների աշխարհ” սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: Վիճաբանությանը, ըստ նախաքննության տվյալների, մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
Փաստի առթիվ օգոստոսի 27-ին Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: Խուլիգանության ընթացքում օգտագործված զենքը հայտնաբերելու նպատակով կատարվել էին բնակարանային խուզարկություններ, խուզարկվել էին նաև “Հրաշքների աշխարհ” սրճարանը, “Օազիս” ռեստորանային և “Ալեքսանդրապոլ” հյուրանոցային համալիրները, հարցաքննվել էին սրճարանի աշխատակիցները, կատարվել էին առերես հարցաքննություններ: Զննվել էին “BMW X5”, “KIA” և “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից վերցվել էին կրակոցի հետքերի նմուշներ: Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել ու առգրավվել էր երկու պարկուճ և մեկ գնդակ:




Լրահոս