Ֆրանսիահայ ազգային-քաղաքական գործիչ Շանթ Ոսկերչյանին Հայաստան մուտք գործել չթույլատրելը Գորիկ Հակոբյանի հայտարարության հե՞տ է կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ մայիսի 21-ին ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին Երևան Զվարթնոց օդանավակայանից թույլ չէին տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք: Շ. Ոսկերչյանին 12 ժամ պահելով օդանավակայանում՝ Երևան-Փարիզ չվերթով հարկադրաբար հետ են ուղարկել Ֆրանսիա:

Armlur.am-ի հետ զրույցում ֆրանսիահայ ազգային-քաղաքական գործիչը հայտնեց, որ ոչ մի դեպքում չեն հանձնվելու, պայքարելու են այնքան, մինչև կարողանան անխոչընդոտ հայրենիք մտնել: Ավելին, մեր զրուցակցի փոխանցմամբ, իրեն դեռևս համապատասխան մարմինները չեն հայտնել` որն է Հայաստան մուտք գործելու արգելքի պատճառը. ««Զվարթնոց» օդանավակայանում շատ կոպիտ ձևով, անգամ կեղտոտ հողաթափերս վերցնելով` ինձ ասացին, թե վերևից հրահանգ է եկել, գնացեք այնտեղ, որտեղից եկել եք:

Շանթ Ոսկերչյանը հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարել է, թե ինքը Փարիզում Հայաստանի անվտանգության դեմ է աշխատում: Թե ինչ հիմնավորումներով է ԱԱԾ տնօրենը նման հայտարարությամբ հանդես եկել, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել` միաժամանակ նշելով, որ ինքը և իրենց ողջ կազմակերպությունը մշտապես գործել են Հայաստանի շահերից ելնելով և համայն սփյուռքին տեղեկացված են պահել Հայաստանում տիրող վիճակի մասին. «Իրականում Հայաստանի իշխանություններն են գործում ընդդեմ Հայաստանի անվտանգության: Իրենք են վնաս պատճառողները: Ես չգիտեմ` ինչի հիման վրա է Գորիկ Հակոբյանը նման հայտարարություն արել»:

Շանթ Ոսկերչյանի գնահատմամբ, Հայաստանին ներկայիս ծանր վիճակից հանելու հարցում պետք է գործեն ոչ միայն հայաստանաբնակները, այլև ողջ սփյուռքը: Նա վստահ է, որ միայն երկրում առկա թերություններն արձանագրելով և դրանց մասին բարձրաձայնելով չէ, որ խնդիրները հնարավորություն կարող են ունենալ լուծվելու. «Պետք է համախմբվեն բոլորը` թե´ սփյուռքահայերը, թե´ հայաստանաբնակները: Սփյուռքն էլ բազում թերություններ ունի, որոնք շտկման կարիք ունեն: Նրանք Հայաստան ասելով հասկանում են Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը միայն. թե ինչ վիճակ է տիրում երկրի մյուս հատվածներում, ինչպես են մարդիկ ապրում, ինչ խնդիրներ ունեն, սփյուռքահայերի մի մասն անգամ չգիտի: Իսկ իմանալու դեպքում էլ, իշխանությունների հետ համագործակցելու պատճառով չի բարձրաձայնում: Իսկ ես Հայաստան այցելելու ցանկացած առիթ օգտագործում եմ գյուղերում և ծայրամասերում լինելու համար: Միակ ցանկությունս երկիրս նորմալ վիճակում տեսնել է: Ինչո՞ւ պետք է հայը լքի իր երկիրը, ինչո՞ւ պետք է մտածի արտագաղթի և իր հողերը լքելու մասին: Այս գերխնդիրների մասին է պետք մտածել»:

Ֆրանսիահայ ազգային-քաղաքական գործիչը նշեց նաև, որ Հայաստան գալու միակ նպատակը Հիմնադիր խորհրդարանի հետ բողոքի ակցիաների մասնակցելն ու իշխանափոխություն պահանջելը չի եղել: Նա, որպես կանոն, Հայաստան է գալիս իր ընտանիքի հետ, մասնավորապես արձակուրդներն այստեղ անցկացնելու նպատակով:

Այս պահին, Շանթ Ոսկերչյանի փոխանցմամբ, ֆրանսիահայ ազգային գործիչներ, փաստաբաններ խորհրդակցություններ են անցկացնում Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության հետ, որպեսզի կարողանան ստեղծված իրավիճակից ելք գտնել: Առաջին իսկ հնարավորության դեպքում Շանթ Ոսկերչյանը կգա Հայաստան:




Լրահոս