Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Սփյուռքի նախարարը` սփյուռքահայ ազգային-քաղաքական գործչի խնդիրը լուծելու ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 21-ին «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) շուրջ երկու ժամ շարունակ պահել են սահմանային գոտում և խոչնդոտել նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Ըստ ՀԽ հաղորդագրության, նրա ձեռքից առանց որևէ պատճառաբանության վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը: «Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսկ արդեն հաջորդ օրը պարզ դարձավ, որ Շանթ Ոսկերչյանին ընդհանրապես թույլ չի տրվել մտնել ՀՀ տարածք: Ինչպես ավելի ուշ պարզաբանել է ֆրանսահայ ազգային-քաղաքական գործիչը, իրեն 12 ժամ պահելով օդանավակայանում՝ Երևան-Փարիզ չվերթով հարկադրաբար հետ են ուղարկել Ֆրանսիա` ասելով, թե «վերևից հրահանգ կա: Հետ գնա´ քո երկիրը»:

Իմանալու համար` ինչ քայլեր է ձեռնարկել ՀՀ սփյուռքի նախարարությունը, փորձե՞լ է արդյոք ճշտել` որն է սփյուռքահային հարազատ երկիր մուտք գործել արգելելու պատճառը, Armlur.am-ը հարցում ուղարկեց նախարարություն: Հարցմանն ի պատասխան, մեզ հայտնեցին, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության պարզաբանմամբ, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանի` Հայաստան մուտք գործելն արգելվել է այն պատճառով, որ վերջինս Ֆրանսիայում իրականացրել է քայլեր, որոնք առաջացրել են Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ կապված խնդիրներ:

Իսկ թե որոնք են այդ խնդիրները, ո´չ Սփյուռքի նախարարությունից, ո´չ էլ ԱԱԾ-ից իմանալ չհաջողվեց: Ի դեպ, մենք փորձեցինք սրա հետ կապված պարզաբանում ստանալ նաև հենց Շանթ Ոսկերչյանից, ով ասաց, որ իրեն չեն մանրամասնել` ինչ վտանգ սպառնացող քայլերի մասին է խոսքը, ինչի հետևանքով ինքը հայտնվել է անորոշության մեջ:

Նշենք, որ Շանթ Ոսկերչյանն Armlur.am-ին հայտնեց, որ իր փաստաբանները դիմել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատուն և այժմ սպասում են համապատասխան աջակցությանը:




Լրահոս