«Մենք բոլորս հիմա մեղադրյալի աթոռին ենք նստած». ՀԽ-ն այսօր հանրահավաք կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 18:30-ին, «Հիմնադիր խորհրդարան»-ը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԽ նախագահ Գարեգին Չուքազսյանի հետ՝ պարզելու համար, թե որն է հանրահավաքի նպատակը:

-Պարո՛ն Չուքազսյան, ո՞րն է այսօրվա հանրահավաքի օրակարգը:

-Մենք խոսելու ենք մեր նոր մարտավարության մասին: Հանրահավաքի ժամանակ բոլորն էլ կտեղեկանան մեր հետագա գործունեության մասին:

-Իսկ Ձեր մարտավարությունում ինչ-որ բա՞ն է փոխվել:

-Այո՛, բայց մենք չենք խոսում ռազմավարական փոփոխությունների մասին, մենք խոսելու ենք մեր մարտավարության մասին, իսկ մեր ռազմավարությունը նույնն է մնում:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հանրությունից, արդյո՞ք ժողովրդին այսօր հետաքրքրում է Ձեր մարտավարությունը, ժողովուրդը սպասո՞ւմ է Ձեր խոսքին:

-Ես այսպես կասեմ, որ հստակորեն այս ամիսների ընթացքում զանգվածային ահաբեկում է կատարվել մեր աջակիցների շրջանում, հազարավոր մարդիկ ճնշումների միջոցով թե՛ ոստիկանություն, թե՛ քննչական մարմիններ են կանչվել, ահաբեկվել են եւ այլն: Բայց մեր միջուկը մնացել է անկոտրում, եւ մեր խնդիրն այսօր իրազեկելն է ե՛ւ մեր աջակիցներին, ե՛ւ այն մարդկանց, ում հետաքրքիր է, թե ինչ փոփոխություններ են եղել: Դրա համար էլ հանրահավաք ենք հրավիրում:

-Նշեցիք, որ Ձեր աջակիցներին այս օրերին ահաբեկել են, խնդրում եմ կոնկրետ ասեք, թե ինչպես, ում եւ ինչ պահանջներով են ահաբեկել իշխանությունները:

-Հեռանալ շարժումից, չմասնակցել շարժմանը, քաղաքականությամբ չզբաղվել եւ այլն, սրանք են: Իշխանությունը մեզ ձերբակալելով եւ հետագայում ազատ արձակելով ցույց տվեց այն ճանապարհը, որից ինքը վախենում է: Այսինքն՝ քաղաքացիական անհնազանդությունն այն ճանապարհն է, որից իշխանությունները, այսօրվա վարչակազմը վախենում է: Իրենք ցույց են տվել, թե իրենք ինչից են վախենում:

-Իսկ ի՞նչ է անում «Հիմնադիր խորհրդարան»-ը, որից իշխանությունները պետք է վախենան: Ի վերջո, Ձեր շարժումը դեռեւս կազմավորման փուլում է, աջակիցների թիվն էլ առանձնապես մեծ չէ: Ինչո՞ւ պիտի իշխանությունները անհանգստանան Ձեր քայլերից:

-Իրենք են մեզ ձերբակալել, դրանից էլ կարելի է հետեւություն անել, թե ով ումից է վախենում:

-Մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները կարող են կրկին ձերբակալել ՀԽ անդամներին այն բանից հետո, երբ ներկայացնեք Ձեր հետագա անելիքները:

-Մեղադրանքները մեր վրայից հանված չեն, մենք դեռեւս մեղադրյալ ենք, մենք բոլորս մեղադրյալի աթոռին ենք նստած հիմա, այնպես որ, այդ պրոցեսը դեռեւս չի ավարտվել: Ամեն պահի ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենից ելնելով՝ պայքարից հեռու կանգնենք: Մեր հանրահավքը լինելու է իրազեկման հանրահավաք, որից հետո մեր գործունեությունը կշարունակվի, մինչեւ որ, բնականաբար, մենք, ամբողջ ժողովուրդը կանգնած է մեկ խնդրի առաջ, որ գահավիժող ֆինանսատնտեսական վիճակի մեջ ենք հայտնվել, ու այդ ամենին ժողովուրդը տարբեր ձեւերով արդեն արձագանքում է: Առայժմ դա քաղաքացիական ընդվզումների ձեւով է արտահայտվում, սակայն, ի վերջո, ժողովուրդը հասունանալու է քաղաքական փոփոխությունների համար:

-ՀԽ առաջնորդներից Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում էր, որ ապրիլի 25-ից արդեն ժողովուրդն ազատվելու է այս իշխանություններից: Նման բան տեղի չունեցավ, ինչին, թերեւս, խանգարեց նաեւ Ձեր կալանավորումը: Սակայն, այնուամենայնիվ, չեք վերանայել կոնկրետ ժամկետներ՝ մատնանշելու Ձեր մոտեցումը, արդյո՞ք հիմա եւս նախանշում եք հստակ ժամկետ, որի ընթացքում իրականացնելու եք իշխանափոխություն:

-Ժիրայր Սէֆիլյանը հայտարարում էր, որ ապրիլի 24-ից սկսվելու է քաղաքացիական անհնազանդության, ժողովրդի մոբիլիզացման գործընթացը, չէր ասում, որ այդ օրը վերջանալու է մեր պայքարը: Մենք ազատազրկումից հետո դուրս ենք եկել, ու դրանից հետո ժողովրդի մեջ շատ ավելի մեծ համակրանք կա մեր նկատմամբ, շատ ավելի լայն ճակատ ստեղծելու հնարավորություններ կան, քան առաջ էր: Կոնկրետ ժամանակահատված չկա՝ իշխանություններից ազատվելու համար, մենք կարծում ենք, որ դա կլինի այս տարվա ընթացքում, այսինքն՝ 100-ամյակի տարվա ընթացքում կլինի:

Ժողովուրդն իր կաշվի վրա է զգում այն դժվարությունները, որոնք լինելու են, այնպես չէ, որ մեզնով սկսվում ու վերջանում է հայ ժողովուրդը, ժողովուրդն ինքը խնդիրներ ունի, որոնք պետք է՝ այսպես թե այնպես լուծի: Հիմա մենք մեր առաջարկներն ու մեր պայքարի ձեւերն ունենք, հուսանք, որ մենք մեր ժողովրդի վստահությունը կնվաճենք, ու իրենց հետ, ի վերջո, կգնանք քաղաքացիական զանգվածային անհնազանդության՝ հասնելով վարչակազմի հեռացմանը: Բացի այդ` մենք արդեն հայտարարել ենք, որ սկսել ենք քաղաքական կոնսուլտացիաների շրջան բոլոր այն ուժերի հետ, որոնք որ այս ընթացքում աջակցել են մեզ: Այդ պրոցեսը շարունակվում է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս