Տիգրան Խզմալյանին ճնշում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նա հեռանա Հայաստանից: Ճնշումները սկսվել են մոտ մեկ ամիս ասաջ` Տ. Խզմալյանի՝ ադրբեջանական կայքին տված հարցազրույցից հետո, որտեղ քննադատել էր ՀՀ իշխանություններին: Երեկ «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց Տիգրան Խզմալյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա պատրաստվում է հեռանալ Հայաստանից:

-Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները տարածում են այն մարդիկ, ովքեր այդ օրերին հայտարարեցին, թե ես անցել եմ Ադրբեջանի սահմանը: Ես կպատասխանեմ այդ հարցին Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգի բառերով. «Ես չեմ գնացել ու մի հուսացեք, ես չեմ գնալու»:

-Բայց ի՞նչ ճնշումների մասին է խոսքը, ինչպե՞ս են դրանք դրսեւորվում:

-Ես չգիտեմ՝ ճնշումների չափանիշն ինչն է, սովորականի պես իմ ֆիլմերը չեն ցուցադրում, ես չեմ կարողանում զբաղվել իմ սիրած գործով, բայց դա նորություն չէ, դա տեւում է արդեն 10 տարուց ավել: Իսկ մնացած ճնշումները հիմնականում արտահայտվում են սոցիալական ցանցերում, նամակներում, որոնցից մի մասը իմ անձնական փոստարկղով եմ ստանում, ու դրանց բովանդակությունն այնքան անպարկեշտ է, որ չեմ ցանկանում մեջբերել: Հարյուրավոր մարդիկ էլ ճիշտ հասկացան, որ ճշմարտությունը աշխարհագրական բնույթ չունի, ու այստեղ պետք չէ…. սուտը դա թուլության նշան է: Ադրբեջանցիներն իրենք ընկան ծուղակի մեջ՝ հասկանալով, որ ՀՀ-ում եթե կարելի է բարձրաձայնել ճշմարտությունը, ապա իրենք չունեն այդ հնարավորությունը:

-Իսկ չեք փոշմանե՞լ, որ նման քննադատություն հնչեցրեցիք մեր հառակարդի ԶԼՄ-ով:

-Ես կարծում եմ, որ ՀՀ-ի ճնշող մեծամասնությունը նույն խոսքերով է արտահայտվում՝ բնութագրելով Հայաստանում տիրող իրավիճակը ու մեր չարաբաստիկ իշխանություններին: Ես դա ասել եմ լրագրողին, որն ինձ ամենայն պարկեշտությամբ հարց ուղղեց, ու եթե ինձ էլի հարցեր լինեն, ես էլի կպատասխանեմ՝ համաձայն իմ համոզմունքների:




Լրահոս