Ոչ մի կազմակերպություն չի հետաքրքրվում Երևան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարվա նոյեմբերից չի գործում Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղին: Ոչ մի կազմակերպություն հետաքրքրություն չի ցուցաբերում այդ երթուղու հանդեպ, որպեսզի մասնակցի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարվող մրցույթներին եւ երթուղին վերագործարկի: Հետաքրքրություն չեն ցուցաբերում, քանի որ նրանց համար դժվար է մրցակցել նույն գծում աշխատող տաքսիների հետ, որոնց մի մասը գործում է առանց հարկային դաշտում գրացվելու:

Ներկայումս Նոյեմբերյանից-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումն իրականացվում է տաքսիների միջոցով: Միկրոավտոբուսների ուղեվարձը եղել է 2 հազար դրամ, տաքսիներն այժմ մարդկանց տեղափոխում են 3 հազար դրամով: Երթուղում գործում են ինչպես անհատ տաքսիներ, այնպես էլ տաքսի ծառայություններ: Սովորաբար տաքսին մեկնում է, երբ լրանում են նրա 4 ուղեւորները: Իսկ քանի որ միշտ չէ, որ ուղեւորների անհրաժեշտ թիվը շուտ է լրանում, մարդիկ ստիպված են լինում երկար սպասել:

Իսկ արդեն Երեւանում ուղեւոր «հավաքելը» մի առանձին երեւույթ է: Ուղեւորներից մեկը, ասենք, կարող է Շենգավիթում նստել, մյուսը՝ Կոմիտասի փողոցում, 3-րդը` Նոր Նորքի 8-րդ զանգվածում եւ այսպես շարունակ: Մյուս կողմից՝ կարող է ուղեւորի բախտ չբերի, եւ նա ստիպված լինի փողոցում ժամերով սպասել, մինչեւ Երեւան-Նոյեմբերյան տաքսին կժամանի: Սովորաբար ուղեւորները հեռախոսով վարորդներից ճշտում են նրանց «չվացուցակը»:

Սակայն երբեմն այնպես է ստացվում, որ վարորդը հավաստիացնում է՝ հեսա-հեսա հասնում եմ, բայց իրականում նա մեկ կամ երկու ժամ հետո նոր տեղ է հասնում: Բացի այդ՝ Երեւան ժամանած նոյեմբերյանցիներից շատերը, մայրաքաղաքի փողոցներում չկողմնորոշվելով, չեն կարողանում իրենց բերած տաքսիստին բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում, եւ ինչպես պետք է հանդիպեն, որպեսզի վերադառնան Նոյեմբերյան: Քանի որ, եթե բաց թողնեն իրենց Երեւան բերած ավտոմեքենան, ապա կարող են մնալ մայրաքաղաքում:

Իսկ Երեւան-Նոյեմբերյան տաքսիստների առավելությունը կայանում է նրանում, որ նրանք բոլոր ուղեւորներին, կլինի Երեւանում թե Նոյեմբերյանում, հասցնում են նրանց նախընտրած վայրը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս