Յուրաքանչյուր կմ-ի համար ֆիքսված գումար. ներհամայնքային երթուղիների սպասարկման կարգում փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոփոխություններով նպատակ է առկա վերանայել կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները։

Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։

Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղևորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար:

Առաջարկվող կարգավորման արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից: Հարկ է նշել, որ նման մոտեցում սահմանված է նաև համայնքի կողմից մատուցվող մյուս ծառայությունների համար:

Բացի այդ՝ առաջարկվում է վերանայել երթուղային ցանցերի համաձայնեցման և միասնական երթուղիների չվացուցակների ու ուղեգծերի փոփոխությունների կատարման գործընթացը, ինչպես նաև խոշորացված համայնքների տրանսպորտային սպասարկման գործընթացը համայնքի ղեկավարի դիմումի համաձայն լիազոր մարմնի կողմից միասնական երթուղային ցանցի շրջանակներում կազմակերպելու հնարավորությունը։

Առաջարկվում է կանոնակարգել նաև 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման գործընթացը, նաև փոփոխել և սահմանել, որ օպերատոր է հանդիսանում փոխադրումների իրականացման ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն: Վերանայվում է «օպերատոր» հասկացությունը։

Այսինքն, ներհամայնքային փոխադրումներ իրականացնող օպերատորը կնքելով երկարաժամկետ պայմանագիր, հնարավորություն է ունենալու կատարել ներդրումներ ավտոբուսների ձեռբերման համար, ինչպես նաև ստանալով յուրաքանչյուր կիլոմետրի համար ֆիքսված վճար, շահագրգիռ չի լինելու տեղափոխել թույլատրելի քանակից ավել ուղևորներ, կայանել կանգառից դուրս կամ կատարել այլ խախտումներ: Բացի այդ՝ տվյալ դեպքում համայնքի ավագանին հնարավորություն կստանա սահմանել արտոնություններ որոշ ուղևորների համար ըստ սոցիալական խմբերի, ինչպես նաև սահմանելով փոխադրման վճարի չափը՝ ինքնուրույն որոշել այն բարձրացնել հավասարեցնելով փոխադրող կազմակերպությանը վճարվող գումարի համար անհրաժեշտ չափին, թե հավաքագրելով ավելի փոքր չափով գումար իր մյուս միջոցների հաշվին փոխադրողին վճարել ավելի մեծ չափով ծառայության վճար, այդպիսով սուբսիդավորել փոխադրման վճարի չափը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս