Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ նոյեմբերի 13-ին, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ դարերի պատմություն ունեցող հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը Հայաստանի անկախությունից ի վեր վերաճել է երկու պետությունների փոխշահավետ սերտ գործընկերության եւ քաղաքական ակտիվ երկխոսությամբ առանձնացող բարձր մակարդակի հարաբերությունների: Այդ հարաբերություններում, նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի համոզմամբ, կարեւոր եւ մեծ դերակատարություն ունեն բացառիկ ջերմ միջխորհրդարանական կապերն ու արդյունավետ համագործակցությունը: Հատկապես ընդգծվել է “Ֆրանսիա-Հայաստան” միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը:
Զրուցակիցները երկու երկրների համագործակցության կարեւոր բաղադրիչ են համարել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցությունն ու ուրախությամբ արձանագրել այդ ոլորտում ձեռք բերված առաջընթացը: Նրանք նշել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի 60-ից ավելի քույր քաղաքների եւ շրջանների միջեւ հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:
ՀՀ նախագահը եւ Ֆրանսիայի Սենատի նախագահը կարեւորել են նաեւ միջազգային հարթակներում երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանն իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ իշխանություններին, այդ թվում Սենատին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման համար:
Փարիզում ավարտելով պաշտոնական հանդիպումները՝ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ:
Լիոնում այսօր երեկոյան նախատեսված է նաեւ Նախագահի հանդիպումը Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:




Լրահոս