Այսօր խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը: Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.
– Պարոն Նազարյան, ուսումնասիրե՞լ եք ՀԷՑ-ի հայտը, սակագինը բարձրացնելու հիմքեր կա՞ն:
– Ես այսօր ձեր այդ հարցին կարող եմ պատասխանել հետևյալ կերպ` ունենք բոլոր կայանների հայտերը, ունենք ՀԷՑ-ի հայտը, սահմանված կարգով նայել ենք` արդյո՞ք այդ հայտերը, որոնք ներկայացված են, համապատասխանում են մեր կարգերին, թե` ոչ: Բոլորդ տեղյակ եք, որ մենք ընդունել ենք ի վարույթ բոլոր հայտերը, և հայտերը դրված են մեր ինտերնետային կայքում` ամբողջությամբ, ոչ մի թերթիկ, տող չի պակասում, որպեսզի հանրությունը մտնելով կայք, ծանոթանա բովանդակային մասի հետ: Մենք մինչև 88 օր ուսումնասիրության ժամկետ ունենք, թեպետ, կարծում եմ, մենք մեկ շաբաթ հետո` ամսի 9-ին կամ 10-ին, հայտնենք մեր դիրքորոշումը, որը ևս կտեղադրվի մեր կայքում, որպեսզի բոլորը կարողանան ծանոթանալ:
– Դիրքորոշում ասելով` նկատի ունեք սակագնի բարձրացո՞ւմ:
– Դիրքորոշում ասելով ես հասկանում եմ ամեն ինչ՝ ուսումնասիրված հայտերի նկատմամբ մեր դիրքորոշումը՝ արդյո՞ք ներկայացված հայտերը հիմնավորված են, և մեր կողմից որ հայտի որ հոդվածն է ընդունվել, որը չի ընդունվել, և արդյունքում ինչ կունենանք:
– Հիմնավորվա՞ծ է թանկացման միտումը:
– Քանի որ մեր աշխատակազմը չի ավարտել ուսումնասիրությունները, ես այդ ուղղությամբ որևէ բան ասել չեմ կարող, բայց կարող եմ մի բան հաստատակամ, ամենայն պատասխանատվությամբ, ասել` քանի որ բավականաչափ մեծ հնչեղություն է ստացել, որ ՀԷՑ-ը իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, որոնք վերաբերում են թանկարժեք մեքենաներին, առանձնատների վարձակալությանը և այլ ծախսերին, այդ մասով ես կարող եմ ասել, որ և նախորդ սակագնում, և գործող սակագնում, և առաջիկա սակագնում այդ շքեղության ոչ մի էլեմենտ մեր սակագնի մեջ տեղ չի գտնի:
– 17 դրամ թանկացումը հիմնավորվա՞ծ է, կբարձրանա՞, թե ոչ:
– Ես ընդամենը կարող եմ ասել, որ սակագնում մի քանի բաղադրիչներ կան, որոնք ակնառու են դարձնում, որ սակագնի վերանայման արդյունքում որոշակի թանկացում կլինի` ի՞նչ չափով, ի՞նչ մեծությամբ այդ մասին ես պատրաստ չեմ ասելու: Դա դոլար-դրամ փոխարժեքն է նաև պատճառը. այսօր 480 դրամ է արդեն:
– Դուք անցյալ տարի կանխատեսել էիք, որ չի լինի թանկացում:
– Իմ տառապանքը փորձ ունի, անցյալ տարի երբ որ հարցը տվեցիք, ես պատասխանեցի մի քանի նախադասությամբ, դուք կոնտեքստից առանձնացրել էիք միայն այդ հատվածը և շահարկում եք: Ես մի քանի գործոններ էի նշել` սակավաջրություն և այլ հանգամանքներ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խոսքը ես լսել եմ, նա ասել է, որ այս տարի որակն ավելի լավն է, քան նախորդ տարի: Եթե դուք վերցնեք մինչվարչության տվյալները, կտեսնեք, որ սակավաջուր տարի է եղել:
– Կարծես թե միջուկային վառելիքի գինն էլ չի փոխվել:
-Քանի որ պայմանագիրը դոլարային է, այդտեղ մենք արդեն լուրջ, շոշափելի խնդիր ունենք:
-Իսկ իշխանությունը պատրա՞ստ է այն բողոքի ալիքին, որը հնարավոր է առաջանա ձեր որոշման արդյունքում:
-Հարգելիներս ես չեմ կարող պատասխանել այն հարցին, որին ես իրավունք չունեմ պատասխանելու: Մենք այդ հարցերը, երբ քննարկենք և կասենք, որ մեր դիրքորոշումը հետևյալն է, սակագնի մեծությունն այսպիսին պետք է լինի… Դրա համար կան պատկան մարմիններ՝ սկսած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, վերջացրած մնացածներով, պետք է իրենք վերլուծություններ անեն և կարողանան համարժեք քայլերով լուծել: